Մենք բարկանում ենք, նեղվում ենք, Վեհափառ Հայրապետին մարդիկ դիմում են ավազանի անունով, ընդ որում, ոչ թե հասարակ մարդիկ, այլ հանգամանք ունեցող մարդիկ, հատկապես, որ այդ անուն-ազգանունով փաստացի անձնավորություն չկա, որովհետև Վեհափառ Հայրապետը անձնագրի մեջ Գարեգին երկրորդ Ներսիսյան է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վեհափառի մասին խոսելիս օգտագործում է «Կտրիճ Ներսիսյան» անունը։
«Սա սազական չէ, մեղմ ասած, հանգամանք ունեցող մարդուն։ Նա խաղում է հավատացյալների զգացմունքների, նաև արժանապատվության հետ»,–ասաց նա։
Անդրադառնալով ՔՊ–ի նախընտրական ծրագրին, որտեղ կետ կա կաթողիկոսին հեռացնելու, հոգևորականներին հայտարարագրման դաշտ բերելու և հարկելու մասին, Տեր Փառենն ասաց. «Դա ծրագիր չէ, ըստ իս դա սպառնալիք է։ Ասում է՝ եկեղեցին պիտի հարկերից չխուսափի։ Հասարակ քաղաքացին լսելով կկարծի, որ այո, իրոք եկեղեցին հարկեր չի տալիս, բայց եկեղեցին բոլոր հարկերն էլ վճարում է։ Ինչ վերաբերում է ծիսական առարկաներին և այլն, դրանք ուղղակի նվիրատվության տրամաբանության մեջ են։ Եկեղեցին Հայաստանի խոշոր հարկատուներից մեկն է։
Երկրորդ, եկեղեցին կապում են ընտրության հետ, ասելով՝ եթե ընտրվենք, այսպես կլինի։ Նախ պիտի շեշտենք, որ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին դարերի պատմության մեջ միշտ եղել է պետականամետ և պետությունը հզորացնող կառույց, կայուն պետության կողմնակից և երբեք կոնֆլիկտի մեջ չի մտել։ Այլ հարց է, որ եկեղեցին մշտապես բարձրաձայնել է ազգային հարցեր։
Հիմա, երբ որ եկեղեցին Արցախի հարցն է բարձրացնում, Արցախի սրբությունների հարցն է բարձրացնում։ Երեկ ականատես եղանք բարբարոսության, որ Ստեփանակերտի կենտրոնում կառուցված, Վեհափառ Հայրապետի կողմից օծված այդ հրաշք մայր եկեղեցին հիմնովին ավերվել է։ Հիմա ի՞նչ անենք, այդ սրբավայրի քանդվելու մասին չխոսե՞նք, գերիների մասին չխոսի՞։ Այս հարցերը քաղաքական չեն։
Քաղաքականության մեջ եկեղեցին երբեք ու երբեք չի մտել, քաղաքականության մեջ մտնել կնշանակեր մենք ընտրապայքարին մասնակցեինք, ասեինք, որ ուզում ենք երկիրը մենք ղեկավարենք, օրինակ, կրթության, գիտության նախարարությունը մենք ղեկավարենք և այլն»։
Դիտարկմանը, որ երբ Բագրատ Սրբազանը մտավ քաղաքական գործընթացների մեջ, նա դա արեց Վեհափառի օրհնությամբ, Տեր Փառենն ասաց. «Բագրատ Սրբազանը, երբ որ շարժումը սկսեց, եկեղեցին հայտարարեց, որ դա եկեղեցին չէ։ Բագրատ Սրբազանը բացի հոգևորական լինելուց, նաև ՀՀ քաղաքացի է, իսկ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն զբաղվել քաղաքականությամբ։ Բագրատ Սրբազանի թեմի առաջնորդի հանգամանքը կասեցվել է։
Ասում են՝ հոգևորականը հոգևոր քարոզը թողած քաղաքական քարոզ է անում։ Մենք՝ հոգևորականներս, ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ չենք կարող քաղաքական քարոզ անել, որովհետև մեր մտքի մեջ, մեր արյունի մեջ հոգևորն է նստած։ Բերեք մի փաստ, որ հոգևորականը եկեղեցու խորանից պատարագի ընթացքում քաղաքական քարոզ է ասում»,–ասաց նա։











