ԱՄՆ-ում մեղուներ տեղափոխող բեռնատարը շրջվել է՝ ազատության մեջ թողնելով հսկայական պարսը, հայտնում է Click2Houston-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Թենեսի նահանգի արևելքում: Տրանսպորտի դեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Նագիի տվյալներով՝ շրջված բեռնատարից դուրս է թռել մոտ մեկ միլիոն մեղվից բաղկացած պարս, ինչի պատճառով Նոքսվիլում I-40 միջնահանգային մայրուղու ելքի երթևեկությունը փաստացի կաթվածահար է եղել:

«I-40-ից դեպի արևելք՝ Հենլի փողոց տանող ելքն արդեն բաց է, բայց բեռնատարը լիովին ջախջախված է, իսկ մեղուները... դե... բզզում են,- գրել է Նագին՝ կցելով մեղվաբուծական հանդերձանքով մարդու լուսանկար,- Եթե դուք նույն կերպ հագնված չեք, խնդրում ենք այդ տարածքում մնալ ձեր մեքենաների մեջ»:

Ուրբաթ ավելի ուշ Նագին հաստատել է, որ բոլոր մեղուները դուրս են բերվել դեպքի վայրից, իսկ բեռնատարը հեռացվել է:

Իսկ այ կատակների հոսքը հնարավոր չեղավ նույնքան հեշտ կանգնեցնել:

«Ուրեմն սա՞ է այն «բզզոցը», որի մասին խոսում է ամբողջ քաղաքը,- սոցցանցերում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Թիմ Բերչեթը,- Նման բաներն ինքնըստինքյան հուշում են կատակներ անել»:

Վիրջինիայի տրանսպորտի դեպարտամենտը նույնպես արձագանքել է սոցցանցերում: Դեպարտամենտի հյուսիսային ստորաբաժանումը հիշել է 2018 թվականին I-495 մայրուղում տեղի ունեցած նմանատիպ վթարը, երբ դարձյալ մեղուների պարսը դուրս էր թռել, և այն ժամանակ վարորդներին խորհուրդ էին տալիս. «Խնդրում ենք փակել պատուհանները»: