Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի օդաչուն թռիչքի ժամանակ վնասել է կործանիչը՝ փորձելով հիշարժան ու տպավորիչ լուսանկար անել։ Այս մասին հայտնում է «Chosun Ilbo» պարբերականը։
Դեպքը տեղի է ունեցել 2021 թվականին Տեգուի ավիաբազայում։ Ավագ լեյտենանտը, առաջադրանքն ավարտելուց հետո, որոշել է լուսանկարվել օդում։ Հաջող կադր ստանալու համար նա կտրուկ վերելք ու շրջադարձ է կատարել, որպեսզի հայտնվի մյուս կործանիչի վերևում։
Արդյունքում ինքնաթիռները մոտեցել են իրար և տեղի է ունեցել բախում. F-15K-երից մեկի ուղղահայաց կայունարարը հպվել է մյուսի թևին։ Երկու կործանիչներն էլ հաջողությամբ վերադարձել են բազա, սակայն վերանորոգման ծախսը կազմել է մոտ 878,7 մլն վոն (շուրջ 593 հազար դոլար)։
Փոխհատուցման գումարը հետագայում նվազեցվել է մինչև 87.8 միլիոն վոն՝ հաշվի առնելով նրա ծառայության հանգամանքները և հրամանատարության թույլտվությամբ լուսանկարվելու պրակտիկան: Օդաչուն հեռացվել է ծառայությունից և զրկվել ռազմական ինքնաթիռներ վարելու իրավունքից: Ավելի ուշ նա հրաժարական է տվել և աշխատանքի անցել քաղավիացիայում:





























