«Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի խոսնակ Գեղամ Ասատրյանը մանրամասներ է հայտնել այսօր՝ ապրիլի 23–ին, կեսօրին մոտ Մյասնիկյան պողոտայում թիվ 53 ավտոբուսի մասնակցությամբ վթարից։
Դեպքի վայրում նա NEWS.am–ի հետ զրույցում նշեց. «Նախնական տեղեկություններով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոբուսին, բացի այդ, այս գոտուց մեկ այլ մեքենա թռել է հանդիպակաց գոտի։ Բուժհաստատություններ տեղափոխված քաղաքացիներ կան, ոչ ավտոբուսից, այլ մյուս մեքենաներից։
Տեսախցիկներ կան ավտոբուսում, կտեսնենք՝ ինչպես է եղել։ Ավտոբուսը կանգառում կայանված է եղել, վարորդը առողջական որևէ խնդիր չունի, պարզապես վախեցած է»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ժամը 12–ի սահմաններում Երևանի Մյասնիկյանի պողոտայում, Կենդանաբանական այգու մոտ խոշոր վթար է տեղի ունեցել թիվ 53 ավտոբուսի մասնակցությամբ։ Ավտոբուսը կանգառում է եղել, երբ MERCEDES մակնիշի մեքենան կողքից պարզապես մխրճվել է ավտոբուսի մեջ։
Ականատեսներից մեկը NEWS.am–ի հետ զրույցում հուզված պատմել էր. «Ճիշտն ասած, բոլորս էլ շատ վախեցանք։ Ուժեղ ձայն լսվեց ու ծուխ է լցվել ավտոբուսի մեջ։ Բոլոր ուղևորներն ընկան, բայց չեմ կարծում, որ լուրջ վնասվածքներ են ստացել, ուղղակի շատ վախեցանք բոլորս։ Ավտոբուսի վարորդն էլ էր վախեցած, ջուր տվեցին։
«Մերսեդեսի» վարորդի կողքի նստած տղային դուրս բերեցին, կենդանի էր, բայց դեմքը ջնջխվել էր։ Տարան իրեն»։




























