Կոպենհագենից դեպի հյուսիս-արևմուտք գտնվող երկաթուղային անցումներից մեկում երկու գնացքներ են բախվել։ Վթարի հետևանքով հինգ մարդ ծանր վնասվածքներ է ստացել, ևս 13-ը ստացել են համեմատաբար թեթև մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում է BBC News-ը։
Ոստիկանության տվյալներով՝ գնացքները հինգշաբթի վաղ առավոտյան ընթանում էին Դանիայի հյուսիս-արևելքում գտնվող Հյուսիսային Զելանդիայի Հիլլերեդ և Կագերուպ քաղաքները միացնող գծով և տեղափոխում էին ընդհանուր առմամբ 37 մարդ։
Մեծ Կոպենհագենի հրշեջ ծառայությունը չի կարողացել ասել, թե ինչն է հանգեցրել վթարին, բայց նշել է, որ բոլոր վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել ինքնաթիռով կամ շտապօգնության մեքենայով։
Տեղի քաղաքապետ Տրինե Էգետվեդը նշել է, որ խորապես ցնցված է միջադեպից։
Գրիբսկովի քաղաքապետ Էգետվեդը նշել է, որ ծանր վիրավորվածները տեղափոխվել են Կոպենհագենի ազգային հիվանդանոց։
Դանիայի ավիավթարների հետաքննության խորհուրդը այսօր առավոտյան ժամանել է դեպքի վայր, և Հյուսիսային Զելանդիայի ոստիկանության տեսուչ Մորտեն Պեդերսենը հայտարարել է, որ նրանք համատեղ կաշխատեն՝ պարզելու համար, թե ինչ է պատահել։ Լրագրողներին ասել են, որ դեռ շատ վաղ է վթարի պատճառը պարզելու համար։ Երկաթուղային վթարները Դանիայում հազվադեպ են լինում, և մի փորձագետ ենթադրել է, որ գնացքի մեքենավարներից մեկը սխալ գիծ է մտել՝ բաց թողնելով կանգառի ազդանշանը, երբ գնացքը մեկնում էր տեղական կայարանից։
Կարծիք կա, որ Գրիբսկովի գիծը հագեցած չի եղել ավտոմատացված անվտանգության համակարգով։




























