Մեկ շաբաթվա ընթացքում իտալական ազգային պարկում հայտնաբերվել է 18 գայլի դի. գայլերը, ըստ ամենայնի, թունավորվել են հարձակումների շարքի հետևանքով։ Բնապահպաններն այս դեպքն անվանել են վերջին տասնամյակի ընթացքում Իտալիայում վայրի բնության դեմ իրականացված ամենալուրջ հանցագործությունը. հայտնում է The Guardian-ը։

Աբրուցոյի, Լացիոյի և Մոլիզեի ազգային պարկերի իշխանությունները հայտնել են, որ վերջին օրերին հսկայածավալ պարկի երեք տարբեր տարածքում հայտնաբերվել է ութ գայլի դի՝ ի լրումն անցյալ շաբաթ գտնված 10-ի։ Հայտնաբերվել են նաև երեք սատկած աղվես և մեկ սովորական մեծ ճուռակ:

Քրեական հետաքննությունը սկսվել է անցյալ շաբաթ այն բանից հետո, երբ պարկի ռեյնջերները Ալֆեդենայի շրջանում հինգ սատկած գայլի կողքին հայտնաբերել են ենթադրյալ թունավորված խայծ, ինչը կասկածներ է առաջացրել, որ Պեսկասերոլիում գտնված ևս հինգ գայլը նույն կերպ են սատկել։

Այժմ իրականացվում են թեստեր՝ կենդանիների մահվան պատճառը պարզելու համար, թեև պարկի ղեկավարությունը հայտարարել է, որ այլ տեսակի կենդանիների միաժամանակյա սատկելը միանշանակ մատնանշում է միտումնավոր թունավորումը։ Իրավիճակն առանձնակի տագնապալի է՝ հաշվի առնելով ազգային պարկի Ապենինյան լեռներում անհետացման եզրին հայտնված ապենինյան գորշ արջի ներկայությունը։

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) իտալական մասնաճյուղը հայտարարել է, որ գայլերի ենթադրյալ սպանությունները «վերջին 10 տարվա ընթացքում վայրի բնության դեմ իրականացված ամենալուրջ հանցագործություններն են» և «անընդունելի քրեական միտում քաղաքակիրթ երկրում»։

Իտալիայի WWF-ն կենդանիների մահվան մեղքի մի մասը բարդում է ԵՄ-ի վրա, որն անցյալ տարի գայլի կարգավիճակը «խիստ պահպանվողից» իջեցրեց «պահպանվողի», ինչը հիմնականում ուղղված էր աճող պոպուլյացիայի որսն ու կառավարումը հեշտացնելուն։

Կարգավիճակի իջեցումը տեղի է ունեցել ֆերմերների ճնշման ներքո՝ ընտանի անասունների վրա հարձակումների հաճախակիացման պատճառով, և դրան վճռականորեն սատարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, քանի որ գայլը սպանել էր նրա ընտանիքի սիրելի պոնիին՝ Դոլիին։

Ըստ հաշվարկների՝ ԵՄ երկրներում կա մոտ 20 հազար վայրի գայլ: Դրանց մեծ մասն ապրում է Իտալիայում, որին հաջորդում են Ռումինիան, Բուլղարիան, Հունաստանը, Լեհաստանը և Իսպանիան: Իտալիայում ժամանակին ակտիվորեն խրախուսվում էր գայլերի որսը, որոնք նախկինում համարվում էին «վնասակար օրգանիզմներ»։

Սակայն 1970-ականներին, երբ նրանց պոպուլյացիան գրեթե բնաջնջվել էր, Իտալիայի կառավարությունն օրենք ընդունեց, որը նրանց պաշտոնական պաշտպանություն տրամադրեց և արգելեց գայլերի որսը։