Շրի Լանկայի իշխանությունները հետաքննություն են սկսել հաքերների ֆինանսների նախարարության համակարգչային համակարգերը կոտրելու և 2,5 միլիոն դոլար հափշտակելու գործով. հայտնում է BBC News-ը:

Այս միջոցները Ավստրալիայի նկատմամբ ունեցած պարտքի երկկողմ վճարման մի մասն էին, որը պետք է մարվեր 2025 թվականի սեպտեմբերին: Իշխանությունները ենթադրում են, որ տվյալների արտահոսքը տեղի է ունեցել հունվարին, թեև մանրամասները հայտնի են դարձել միայն հիմա:

Շրի Լանկայի ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ Պետական պարտքի կառավարման վարչության չորս բարձրաստիճան աշխատակից հեռացվել է աշխատանքից, և որ իրենք օգնության համար դիմել են օտարերկրյա իրավապահ մարմիններին:

Դեռևս պարզ չէ, թե ինչպես է հաքերներին հաջողվել գողանալ գումարը, սակայն քննիչները կարծում են, որ հաքերները կեղծել են էլեկտրոնային փոստով ուղարկված վճարման հրահանգները պետական պարտքի վճարման գործընթացի ժամանակ:

Շրի Լանկայի իշխանությունները 2,5 միլիոն դոլարի կորուստը հայտնաբերել են միայն այն բանից հետո, երբ ավստրալիական վարկատուն բողոքել է, որ պարտքի վճարումը չի ստացվել:

Ֆինանսների փոխնախարար Անիլ Ջայանթա Ֆերնանդոն հայտարարել է, որ կիբերհանցագործության մասշտաբներն ավելի պարզ են դարձել, երբ կիբերհանցագործները փորձել են ևս մեկ վճարում կատարել Հնդկաստանին, ինչը կասկածներ է հարուցել բանկային հաշվի փոփոխված տվյալների պատճառով: