Միջազգային քրեական դատարանի դատավորները միաձայն հաստատել են Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեի՝ մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեղադրանքները՝ կապված Դավաոյի քաղաքապետ եւ նախագահ լինելու տարիներին նրա կողմից, մեղադրող կողմի վարկածով, կազմակերպված մահացու թմրանյութերի դեմ պայքարի գործողությունների հետ, հաղորդել է CNN-ը։

Երեք դատավորներից բաղկացած կոլեգիան «հիմնավոր հիմքեր» է գտել ենթադրելու, որ 81-ամյա Դուտերտեն «մշակել, տարածել եւ իրականացրել է» ենթադրյալ հանցագործներին «չեզոքացնելու» քաղաքականություն։ Դատախազների խոսքով՝ ոստիկանության եւ մահվան ջոկատի անդամները սպանություններ են իրականացրել նրա ղեկավարությամբ՝ սկսած 2011 թվականից։ Դուտերտեի նախագահության ընթացքում մահացածների թվի գնահատականները տարբեր են. ոստիկանությունը հաղորդում է ավելի քան 6 000 մահացածի մասին, մինչդեռ մարդու իրավունքների կազմակերպությունները այդ թիվը գնահատում են մինչեւ 30 000։

Դուտերտեն ձերբակալվել է Ֆիլիպիններում անցյալ տարի եւ տեղափոխվել Հաագա։ Նա հերքում է ցանկացած հանցանք եւ չի ներկայացել դատարան։ Դատավարության ամսաթիվ դեռեւս նշանակված չէ։

Թմրանյութերի դեմ պայքարի գործողությունների ժամանակ զոհվածների ընտանիքները որոշումը ողջունել են ցնծությամբ։ «Սա բոլոր այն զոհերի համար է, որոնց նույնիսկ հնարավորություն չի տրվել ճանաչվել որպես զոհ»,- ասել է զոհերից մեկի ազգական Ռենդի դե լոս Սանտոսը։ Human Rights Watch-ը որոշումը անվանել է «հզոր ազդանշան այն մասին, որ լուրջ հանցագործությունների համար պատասխանատու ոչ ոք օրենքից վեր չէ»։