Նորվեգիայի կառավարությունն առաջարկել է արգելել սոցիալական ցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր երեխաների համար եւ պարտավորեցնել տեխնոլոգիական ընկերություններին ստուգել իրենց օգտատերերի տարիքը, հաղորդել է NRK-ն։

Վարչապետ Յոնաս Գար Սթյորեն նշել է, որ նախաձեռնության նպատակն է պաշտպանել երեխաներին ալգորիթմների եւ թվային հարթակների ազդեցությունից։

Նա նշել է, որ այս տարիքի երեխաները չպետք է ենթարկվեն օգտատերերի ուշադրությունը մեծացնելու համար նախատեսված տեխնոլոգիաների ազդեցությանը, եւ որ անվտանգության պատասխանատվությունը պետք է կրեն ե՛ւ կառավարությունները, ե՛ւ ընկերությունները։

Օրինագիծը նախատեսվում է ներկայացնել մեկ տարվա ընթացքում եւ, խորհրդարանական աջակցությամբ, կարող է ուժի մեջ մտնել հաջորդ տարի։

Նշվել է նաեւ, որ նախաձեռնության իրականացումը կպահանջի մշակել Եվրոպական թվային ծառայությունների մասին օրենքում (DSA) նախատեսված մեխանիզմները, ներառյալ օգտատերերի համար պարտադիր տարիքի ստուգումը։

Իշխանությունները զգուշացնում են, որ նոր պահանջները չկատարող ընկերությունները կարող են տուգանվել եւ պատժամիջոցների ենթարկվել։