Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով ստանձնել է հանձնարարական տալ Հայաստանի կառավարությանը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ։
«Մենք խստորեն դատապարտում ենք ապրիլի 23-ին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում կազմակերպված «ջահերով երթի» ժամանակ թուրքական դրոշի այրումը։ Հայաստանի կառավարությունը պետք է անհապաղ կանխեր նման արշավը, որը խոր արմատներ ունեցող էթնիկ ատելության դրսեւորում է, եւ ձեռնարկեր անվտանգության համապատասխան միջոցառումներ։ Անընդունելի է աչք փակել նման գործողությունների վրա՝ վկայակոչելով ժողովրդավարական նորմերը, հավաքների եւ խոսքի ազատությունը։ Նման գործողությունները, որոնք ռեւանշիստական եւ ֆաշիստական գաղափարների բացահայտ դրսեւորում են, որոնք հիմնված են Հայաստանում ուժեղ էթնիկ ատելության վրա, պետք է միջազգային մակարդակով դատապարտվեն եւ դադարեցվեն։ Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել այդ գործողությունների մեղավորներին»,- նշվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ոգով պաշտոնական Բաքուն հրապարակավ թելադրում է Երեւանի գործողությունները, այդ թվում՝ «սեփական քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելու մասին»։ Հիշեցնենք, որ հայկական օրենսդրությունը պատժում է մարդկության դեմ ճանաչված հանցագործությունների, որոնք ներառում են նաեւ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, ժխտումը։





























