ՀԴԲ (FBI) տնօրեն Քեշ Պատելը դատի է տվել լրատվամիջոցներից մեկին՝ ալկոհոլի օգտագործման հետ կապված իր ենթադրյալ խնդիրների մասին հրապարակումների համար, սակայն սա առաջին դեպքը չէ, երբ նրա խմելու սովորությունը հայտնվում է ուշադրության կենտրոնում նրա մասնագիտական կյանքում. գրում է Raw Story-ն։

The Intercept պարբերականը ձեռք է բերել 2005 թվականի մի նամակ, որն ընդգրկված է Մայամի-Դեյդի հանրային պաշտպանի գրասենյակում (որտեղ նա նախկինում աշխատել է) Պատելի անձնական գործի մեջ։ Նամակում նշվում է, որ գործատուն հանձնարարել է նրան նկարագրել Ֆլորիդայի փաստաբանների պալատին ներկայացրած դիմումի մեջ նշված երկու նախկին ձերբակալությունների հանգամանքները։

Միջադեպերից մեկը տեղի է ունեցել Նյու Յորքի Փեյս համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող եղած ժամանակ՝ այդ նամակը գրելուց մոտ չորս ամիս առաջ։ Ընկերների հետ տոնակատարությունից հետո տուն վերադառնալիս խումբը կարճ ժամանակով կանգ է առել։

«Մենք մտել էինք մի քանի տեղական բարեր և մի փոքր ալկոհոլային խմիչք օգտագործել,- գրել է նա։ - Կոպտորեն խախտելով վարքագծի կանոնները՝ մենք փորձել ենք տուն գնալու ճանապարհին թեթևացնել մեր միզապարկը։ Նախքան դա մեզ կհաջողվեր, խմբին կանգնեցրեց ոստիկանական մեքենան։ Այնուհետև մեզ ձերբակալեցին հասարակական վայրում միզելու համար»,- պատմել է ՀԴԲ ներկայիս տնօրենը։

Պատելը նշել է, որ միջադեպից հետո տուգանք է վճարել, և գործը փակվել է։ Նա նկարագրել է նաև մեկ այլ դեպք, որը տեղի է ունեցել 2001 թվականի փետրվարին, երբ լրացել էր նրա 21 տարին։ Այդ ժամանակ նա Վիրջինիայի Ռիչմոնդի համալսարանի ուսանող էր և Richmond Rowdies ֆան-ակումբի ղեկավարներից մեկը։ Նրան բերման էին ենթարկել անչափահաս տարիքում հասարակական վայրում հարբած վիճակում գտնվելու համար։

«Երբ մենք բասկետբոլի խաղի էինք, դպրոցի աշխատակիցները վերահսկում էին մեր երկրպագությունը,- գրել է Պատելը։ - Ընդմիջումներից մեկի ժամանակ աշխատակիցն ինձ հայտնեց, որ իմ ծափահարությունները չափազանց աղմկոտ էին, որից հետո ինձ դուրս հանեց արենայից։ Երբ դուրս էի գալիս, սպան ինձ բերման ենթարկեց հասարակական վայրում ոչ սթափ վիճակում լինելու համար, քանի որ դեռ 21 տարեկանս չէր լրացել»։

Պատելը պնդել է, որ խաղից առաջ ընդամենը երկու բաժակ խմիչք էր օգտագործել և այդ մանր իրավախախտման համար նույնպես տուգանք է վճարել։ The Intercept-ը Պատելի անձնական գործը ստացել է հանրային հարցման միջոցով։ Մայամի-Դեյդի գրասենյակը նրան աշխատանքի էր ընդունել տարեկան 40,000 դոլար աշխատավարձով՝ Ֆլորիդայի փաստաբանների պալատ ընդունվելուց հետո։

«Այս երկու միջադեպերն էլ չեն համապատասխանում իմ սովորական վարքագծին, և հուսով եմ, որ Խորհուրդը դրանք կդիտարկի որպես անոմալիա,- գրել է Պատելը։ - Ես ներողություն եմ խնդրում իմ ոչ պատշաճ վարքագծի համար թե՛ Խորհրդից, թե՛ հանրությունից ընդհանրապես»։