Մարդկության տղամարդկային կեսը չի պատրաստվում անհետանալ: Նորագույն հետազոտություններից հետո նման եզրակացության են հանգել բժշկա-կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի (Մասաչուսեթս, ԱՄՆ) գիտնականները` պրոֆեսոր Ջենիֆեր Հյուզի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ավելի վաղ արված  կանխատեսումները կատարվել են Y-քրոմոսոմի հետազոտման արդյունքում, որն առկա է միայն տղամարդու օրգանիզմում եւ պատասխանատու է տղաների ծննդյան համար: Սահմանվել էր, որ Homo sapiens-ի հայտնվելու ժամանակ  Y-քրոմոսոմն ունեցել է 1400 գեն, սակայն այսօրվա տղամարդկանց մոտ այն ընդամենը 45 գեն ունի:

Այս տվյալները թույլ էին տվել ենթադրել, որ էվոլյուցիոն չափանիշներով կարճ ժամանակ անց  (մինչեւ 5 մլն տարի) տղամարդիկ պարզապես կդադարեն գոյություն ունենալ: Բայց այժմ ամերիկացի գիտնականները հանգել են այն եզրակացությանը, որ  Y-քրոմոսոմի պարունակած գեների քանակի կրճատումը նրա դիմացկունության գործառույթի վրա չի ազդում: Բացի այդ, Y-քրոմոսոմի պատմա-կենսաբանական զարգացումն արդեն դադարել է, հաղորդում է  BBC-ն:

«Այն չի անհետանա, նրա գեների կորստի ֆենոմենը դադարել է: Այն գեները, որոնք այժմ գտնվում են նրանում, այդպես էլ կմնան քրոմոսոմի կառուցվածքում», - նշել է Հյուզը: