Ես այստեղ եմ ոչ թե սգալու համար, ես այստեղ եմ, որպեսզի պահանջեմ եւ պաշտպանեմ այն արժեքները, որոնց համար իմ որդին եւ նրա ընկերները տվեցին իրենց թանկ կյանքը։ Այս մասին Մասիսի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի հանդիպմանը հայտնել է հերոս կամավորական Արման Օհանջանյանի մայրը։
«Ես ցանկանում եմ հստակ հայտարարել, որ այս իշխանությունը իմ անձնական թշնամին է եւ իմ երկրի թշնամին։ Նրանք չխնայեցին մեր զավակներին, նրանք չհարգեցին մեր հողը եւ շարունակում են քանդել մեր պետականությունը հենց հիմքից։ Եվ այսօր այդ իշխանությունը իմ որդու եւ բոլոր հերոսների հիշատակի թշնամին է»,- ընդգծել է զոհված հերոսի մայրը։
Նրա խոսքով՝ Արմանը կամովին զենք է վերցրել ոչ նրա համար, որ այսօր ներկա իշխանությունները «մաս-մաս վաճառեն հայրենիքը»։
«Նա զենք է վերցրել, որպեսզի իր որդին եւ մեր բոլոր երեխաները կարողանան հպարտ ապրել որպես հայեր այս հայրենիքում։ Նրանք փորձում են վախեցնել մեզ պատերազմով, մեզ առաջարկել կեղծ խաղաղություն։ Բայց որպես որդեկորույս մայր ես բոլորից ավելի լավ գիտեմ խաղաղության գինը։ Մենք իսկական խաղաղության կողմնակից ենք՝ հիմնված ուժի, հարգանքի, այլ ոչ թե ծնկաչոք աղաչանքի վրա։ Եվ մենք ցանկանում ենք ապրել արժանապատվությամբ, արժանապատիվ կյանքով, որտեղ հայ ժողովուրդը չի ամաչի իր անցյալից եւ չի վախենա իր ապագայից։ Բայց իր վերջին ուղերձում նա մաղթանք է կատարել։
Նա ասել է. «Ամեն բան լավ կլինի, անպայման լավ կլինի»։ Եվ ես այստեղ եմ հանուն այդ բարիքի։ Մեր որդիները չէին սպասում, որ մենք այսօր թշնամուն կտանք մեր հայրենիքը եւ մեր ապագան, մեր պատիվը։ Ես հուսով եմ, որ այս պայքարը կլինի մինչեւ վերջ, հանուն արդարության, հանուն նրանց պատժի, ովքեր մեր տները սգի մեջ մտցրին, եւ հանուն այն Հայաստանի, որտեղ մայրերը ստիպված չեն լինի արդարություն փնտրել փողոցում։ Մենք իրավունք չունենք նահանջելու։ Մենք պարտավոր ենք կառուցել այն լավ Հայաստանը, որի մասին իմ որդին՝ Արմանը, այդքան հաստատ խոսել է վերջին պահին։
Եվ վերջում ուզում եմ ասել, որ ես չեմ ուզում ապրել թուրքերի հետ։ Եվ ես չեմ կարող ապրել թուրքերի հետ։ Եվ ես չեմ կարող լքել որդուս գերեզմանն ու գնալ որեւէ այլ տեղ։ Հենց դրա համար էլ ես այստեղ եմ, եւ ես ընտրռլու եմ այն մեծ ուժը, որն օր առաջ կազատի մեզ չարիքի այս իշխանությունից։ Փառք մեր հերոսներին, ուժին, եւ տոկունություն մեզ բոլորիս»,- ընդգծել է հերոսի մայրը։











