ԱՄՆ ռազմածովային ուժերը շաբաթ օրը Արաբական ծովում պատժամիջոցների տակ գտնվող նավ են կալանել։ Գործողությունն իրականացվել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից իրանական էներգակիրների արտահանման շրջափակման շրջանակում. հայտնում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Հաղորդագրության համաձայն, «Sevan» լցանավը «ստվերային նավատորմի» այն 19 նավերի թվում էր, որոնց նկատմամբ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ուրբաթ պատժամիջոցներ էր սահմանել։ Դրանք առնչվում են «միլիարդավոր դոլարների իրանական էներգետիկ, նավթագազային արտադրանքի, այդ թվում՝ պրոպանի և բուտանի՝ արտասահմանյան շուկաներ տեղափոխմանը»։
Կենտրոնական հրամանատարության տվյալներով, շաբաթ օրը ԱՄՆ ռազմածովային ուժերն ուղղաթիռ են ուղարկել առևտրային նավը կալանելու համար։ Վերջինս ենթարկվել է ամերիկացի զինվորականների հրամանին և ուղեկցությամբ հետ է շրջվել դեպի Իրան։
«Sevan» լցանավը, որը նախկինում ևս իրանական բեռներ է փոխադրել, այս շաբաթ նկատվել էր Հորմուզի նեղուցին մոտենալիս։ Նավը պատկանում է Դուբայում տեղակայված Anka Energy & Logistics Co ընկերությանը և կառավարվում է դրա կողմից։
ԱՄՆ զինված ուժերը շարունակում են ուժեղացնել իրանական նավահանգիստներ մտնող կամ այնտեղից դուրս եկող նավերի շրջափակումը։ Այս միջոցառումների մեկնարկից ի վեր վերաուղղորդվել է 37 նավ, հայտնել է Կենտրոնական հրամանատարությունը։





























