Փետրվարի 23-ին աֆղանցի զինվորականը Աֆղանստանի Նանգարհար նահանգի արեւելքում կրակել է ՆԱՏՕ-ի միջազգային ուժերի երկու զինծառայողների: Այդ մասին հայտնել է դաշինքի ուժերի հրամանատարությունը: Ըստ ունեցած տեղեկության` զինվորն անցել է Ղուրանի անարգման դեմ բողոքող ցուցարարների խմբերից մեկի կողմը:
Ըստ ստացված տվյալների` երկու զոհված զինվորներն էլ ԱՄՆ-ի քաղաքացիներ են: Հրաձգության ընթացքում եղել են զոհեր նաեւ աֆղանցիների շրջանում, որոք բողոքում են Նանգարհարում ամերիկայն ռազմակայանի դեմ: Տեղական իշխանությունները հայտարարել են երկու սպանված ցուցարարների մասին: Ցուցարարների կողմն անցածին հաջողվել է թաքնվել, հայտնում է «Ազատություն» ռադիոն:
ՆԱՏՕ-ի զինվորների սպանության դեպքն արեւմտյան լրատվամիջոցներն արդեն անվանել են երեք օր շարունակվող հուզումների ամենալուրջ դեպքը: Ինչպես BBC-ն է մեկնաբանում կատարվածը, դեպքերի զարգացումը ցույց է տալիս, որ ամերիկացիները Աֆղանստանում 10 տարուց ավելի են արդեն, բայց այդպես էլ չեն ուսումնասիրել այն երկրի առանձնահատկությունները, որտեղ իրենք ռազմական գործունեություն են ծավալում:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում ցույցերը շարունակվում են արդեն երեք օր, միայն այսօր հարձակումների են ենթարկվել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի երեք ռազմակայան, որտեղ գտնվում են ամերիկյան զինծառայողներ: Աֆղանստանում տարածված անկարգությունները, որոնք հրահրվել էին այն լուրերից, որ Քաբուլին կից Բաղրամի ԱՄՆ-ի ռազմակայանում ամերիկյան զինվորները վառել են ձերբակալվածներից առգրաված գրքերը, այդ թվում նաեւ` Ղուրանի պատճենները: Թալիբներն իրենց համախոհներին կոչ են արել սպանել արեւմտյան քաղաքացիներին:




























