Կոլումբիայի հարավ-արևմուտքում շաբաթ օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ավտոբուսի 13 ուղևոր. հայտնում է Associated Press-ը:

Երկրի բանակի հրամանատարն այս հարձակումն անվանել է ահաբեկչություն: Պայթյունի հետևանքով առնվազն 38 մարդ վիրավորվել է: Տարածաշրջանում նկատվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված բռնության աճ:

Կաուկա տարածաշրջանի նահանգապետ Օկտավիո Գուսմանը X սոցիալական ցանցում հայտնել է, որ սարքը գործի է դրվել այն պահին, երբ ավտոբուսն անցնում էր Կախիբիո մունիցիպալիտետի Պանամերիկյան մայրուղով:

Կաուկա նահանգի առողջապահության նախարար Կարոլինա Կամարգոն Noticias Caracol լրատվականին հայտնել է, որ տուժածների թվում կա հինգ երեխա:

Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար Ուգո Լոպեսը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ սա «ահաբեկչական գործողություն» էր, և պատասխանատվությունը բարդել է Կոլումբիայի ամենափնտրվող անձանցից մեկի՝ «Իվան Մորդիսկո» մականունով հայտնի հանցագործի ցանցի և «Խայմե Մարտինես» խմբավորման վրա:

Երկուսն էլ հանդիսանում են այժմ գոյություն չունեցող «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի» (FARC) այն այլախոհները, որոնք գործում են այդ տարածաշրջանում: Ո՛չ Իվան Մորդիսկոն, ո՛չ էլ «Խայմե Մարտինես» խմբակցությունը չեն պահպանում 2016 թվականին պետության հետ ստորագրված խաղաղության համաձայնագիրը: Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն դատապարտել է հարձակումը:

«Նրանք, ովքեր իրականացրել են այս հարձակումը և Կախիբիոյում սպանել յոթ խաղաղ բնակչի ու վիրավորել ևս 17-ին, որոնցից շատերը բնիկներ են, ահաբեկիչներ են, ֆաշիստներ և նարկոդիլերներ»,- գրել է նա X-ում:

Այս հարձակումը հանրային ենթակառուցվածքների դեմ ուղղված պայթյունների շարքի վերջին դեպքն էր: Վերջին երկու օրվա ընթացքում Կոլումբիայի հարավ-արևմուտքում տեղի է ունեցել առնվազն 26 միջադեպ, որոնցից, ըստ Լոպեսի, տուժել են միայն քաղաքացիական անձինք: Դրանց թվում են Ջամունդիի գյուղական վայրի ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած հրաձգությունը և Էլ Տամբոյի քաղաքացիական ավիացիայի ռադարի վրա հարձակումը, որտեղ շաբաթ օրը իշխանությունները խոցել էին պայթուցիկով լցոնված երեք անօդաչու թռչող սարք: