Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանությունը տագնապ է հայտարարել Բելֆաստի արվարձանի Դանմարի քաղաքում այն բանից հետո, երբ հաղորդումներ են ստացվել ոստիկանական բաժանմունքի մոտակայքում ականապատ մեքենայի պայթյունի մասին, հայտնում է Associated Press-ը:
Հարակից տները տարհանվել են, իսկ հանրությանը հորդորվել է խուսափել այդ տարածքից, կիրակի օրը հայտնել է Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանական ծառայությունը:
Բրիտանացի խորհրդարանական Սորչա Իսթվուդի վկայությամբ, մեքենան պայթել է մարդաշատ վայրում, և միայն հրաշքով է հաջողվել խուսափել զոհերից:
Ոստիկանությունը հարձակման դրդապատճառների մասին որևէ տեղեկություն չի հայտնում: Անցյալ ամիս ոստիկանությունը հայտնել էր, որ Դանմարիից մոտ 32 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք գտնվող Լարգան քաղաքի մեկ այլ ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման փորձի ժամանակ կիրառվել էր «կոպիտ պատրաստված, բայց գործուն» ինքնաշեն ռումբ: Ըստ իշխանությունների, երկու դիմակավորված տղամարդ կանգնեցրել են առաքիչ վարորդին, սարքը տեղադրել նրա մեքենայի բեռնախցիկում և զենքի սպառնալիքով ստիպել սարքը հասցնել ոստիկանական բաժանմունք: Ոստիկանությունը վերահսկվող պայթյուն է իրականացրել այն բանից հետո, երբ մոտ 100 տուն տարհանվել է:
Ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակումը, հավանաբար, իրականացվել է հանրապետական այլախոհ խմբավորումների կողմից՝ «իրենց նշանակալիությունը պահպանելու և վախ սերմանելու ողորմելի փորձով»:
1998 թվականի Ավագ ուրբաթի համաձայնագրերը հիմնականում վերջ դրեցին տասնամյակներ տևած բռնությանը բրիտանական տիրապետությանը դեմ հանդես եկող հանրապետական խմբերի և նրանց միջև, ովքեր ցանկանում են պահպանել տարածաշրջանի կապերը Միացյալ Թագավորության հետ: Խաղաղ գործընթացին դեմ հանդես եկող այլախոհ խմբերը դեռևս ժամանակ առ ժամանակ հարձակումներ են գործում:





























