Ականատես լինելով, թե ինչպես է ԱՄՆ Գաղտնի ծառայությունը նախագահ Դոնալդ Թրամփին հեռացնում բեմից, Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի մասնակիցները վարվեցին հենց այնպես, ինչպես և սպասվում էր՝ սկսեցին ուղիղ հեռարձակումները և ռեպորտաժների պատրաստումը, հայտնում է CNN-ը:
Առաջին մի քանի րոպեների ընթացքում Hilton հյուրանոցի պարահանդեսային դահլիճում տեղեկատվությունը քիչ էր, սակայն թղթակիցները մաս-մաս հավաքեցին մանրամասներ հրաձգության մեջ կասկածվողի մասին՝ զանգահարելով և հաղորդագրություններ ուղարկելով հյուրանոցից դուրս գտնվող իրենց աղբյուրներին: Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Վեյցզյա Ցզյանը ավելի ուշ դիմեց ներկաներին. «Ես տեսա, թե ինչպես էիք դուք բոլորդ ռեպորտաժներ անում, և դա այն է, ինչով մենք զբաղվում ենք: Փառք Աստծո, բոլորն ապահով են, և շնորհակալություն այսօր երեկոյան հավաքվելու համար»:
Ավելի ուշ Թրամփը շնորհակալություն հայտնեց Ցզյանին իր աշխատանքի համար՝ Սպիտակ տանը հապշտապ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: CNN-ի գլխավոր տնօրեն Մարկ Թոմփսոնը աշխատակիցներին ուղղված գրության մեջ ընդունեց «բարդ և անորոշ հանգամանքների» փաստը։
Նա շնորհակալություն հայտնեց հաղորդավար Վոլֆ Բլիթցերին, «որը միջադեպի պահին գտնվում էր անմիջական հարևանությամբ և, քանի որ խոսքը Վոլֆի մասին է, սկսեց զեկուցել այդ մասին հենց որ կարողացավ»: Բլիթցերի՝ ուղիղ եթերում տված ականատեսի վկայությունները անմիջապես հաստատեցին, որ կրակոցներն արձակվել են պարահանդեսային դահլիճից դուրս: «Երբ իրարանցումը սկսվեց, թվում էր, թե դահլիճում ամեն ինչ մի պահ տակնուվրա եղավ, - աշխատակիցներին ուղղված երեկոյան գրության մեջ նշել են CBS News-ի գլխավոր խմբագիր Բարի Վայսը և նախագահ Թոմ Սիբրովսկին: - Բայց մեր լրագրողներն իսկույն հանեցին իրենց հեռախոսները, վազեցին դեպի քաոսը, սկսեցին նկարահանել և զանգահարել՝ փորձելով արձանագրել և հասկանալ այն, ինչ նոր տեսանք»:





























