Չադում ավելի քան 40 մարդ է մահացել երկու ընտանիքների միջև ջրամատակարարման աղբյուրին հասանելիության համար տեղի ունեցած բախման հետևանքով, հաղորդում է Tchadinfos պորտալը՝ հղում անելով իշխանություններին։

«Չադի արևելքում բռնկված բախման հետևանքով առնվազն 42 մարդ է զոհվել, ևս 10-ը՝ վիրավորվել… Փոխվարչապետ Լիման Մահամատի խոսքով՝ այս բռնությունը կապված չէ «համայնքների միջև դասական բախումների» հետ, այլ ջրի աղբյուրի շուրջ երկու ընտանիքների վեճի արդյունք է։ Այն հետագայում վերաճել է վրեժխնդրության գործողությունների՝ ընդգրկելով ավելի լայն տարածք»,- գրում է պորտալը։

Նշվում է, որ երկրի նախագահ Մահամատ Իդրիս Դեբի Իտնոն դեպքի վայր է ուղարկել հատուկ հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են եղել փոխվարչապետը, պաշտպանության նախարարը և գլխավոր շտաբի պետը։

Չադի փոխվարչապետը հայտարարել է, որ զինվորականների ներգրավումը թույլ է տվել վերահսկողության տակ վերցնել իրավիճակը։

Պորտալը նշում է, որ Չադի արևելյան նահանգներում ռեսուրսների պակասը մեծանում է։ Դրա պատճառն այն է, որ նրանք փախստականներ են ընդունում հարևան Սուդանից։