ՀԱԿ-ի անդամ հանդիսացող «Հանրապետություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ:

Հայտարարությունում ասվում է.

«Հանրապետություն» կուսակցությունը Հայաստանի հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները դիտարկում է որպես սահմանադրական կարգը վերականգնելու իրավական հնարավորություն:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքական, սոցիալական, ֆինանսատնտեսական, բարոյահոգեբանական, մշակութաբանական խնդիրները, ժողովրդագրական օրեցօր սրվող իրավիճակը` մենք խորհրդարանական ընտրությունները համարում ենք հասարակության բոլոր խավերի հնարավորինս մեծ ընդգրկումով իշխանափոխության միջոց:

Եվ քանի որ պատգամավորական մանդատների ձեռքբերումից առավել կարեւորում ենք համակարգային իրական փոփոխությունների իրականացումը` անհրաժեշտ ենք համարում, կուսակցության ողջ ներուժը առաջիկա քաղաքական գործընթացներում ներգրավելով` ՀԱԿ-ի համամասնական ցուցակում ներկայացված լինել միայն ի դեմս «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահի»: