Շրի Լանկայի իրավապահները Կոլոմբոյից հյուսիս գտնվող Բանդարանաիկե միջազգային օդանավակայանում 22 բուդդայական վանականների են ձերբակալել՝ ավելի քան 110 կգ թմրանյութ տեղափոխելու համար։ Շրի Լանկայի Daily Mirror թերթի հաղորդմամբ՝ սա օդանավակայանի պատմության մեջ թմրամիջոցների ամենախոշոր առգրավումն է։
Ըստ թերթի տեղեկությունների՝ թմրամիջոցների դեմ պայքարի ոստիկանական բյուրոյի աշխատակիցները շաբաթ երեկոյան առգրավել են շուրջ 112 կգ կանեփ և հաշիշ, որոնք թաքցված են եղել Թաիլանդից ժամանած վանականների ուղեբեռում։ Ապօրինի բեռի ընդհանուր արժեքը գերազանցում է 1,1 միլիարդ շրիլանկյան ռուփին (շուրջ 3,45 միլիոն դոլար)։ Կիրակի օրը ձերբակալվածներին տեղափոխել են հանրապետության Արևմտյան նահանգի Նեգոմբո շրջանի դատարան։
Ըստ թերթի՝ հետաքննությունը պարզել է, որ գործողությունը համակարգել են հանրապետության արևմուտքում գտնվող Ջամբուրալիա շրջանի տաճարի երեք վանականներ։ Խմբի մնացած 19 անդամները նրանց կողմից հավաքագրվել էին Facebook-ի միջոցով։ Նախնական տվյալներով՝ երիտասարդ վանականներին, որոնցից շատերը 30 տարեկանից փոքր են, գայթակղել են անվճար ավիաթռիչքի, կացության և սննդի խոստումներով։ Նրանց ասել են, որ իրենք պետք է «ուսումնական նյութեր և քաղցրավենիք» տեղափոխեն դպրոցականների համար։
Daily Mirror-ի փոխանցմամբ՝ Թմրամիջոցների դեմ պայքարի ոստիկանական բյուրոն Գամպահա շրջանում ձերբակալել է նաև գործողության ենթադրյալ կազմակերպչին: Քննությունը պարզել է, որ խումբը նմանատիպ օպերացիա էր իրականացրել նաև անցյալ ամիս՝ ներգրավելով 12 վանականների, և, ըստ տեղեկությունների, մտադիր էր մոտ ժամանակներս ևս մեկ ուղևորություն կազմակերպել:




























