Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի մոտակայքում տեղի է ունեցել երկու գնացքի և մեկ տաքսիի մասնակցությամբ վթար։ Տասնչորս մարդ զոհվել է, 84-ը՝ վիրավորվել, հաղորդում է Reuters-ը։
Մերձքաղաքային գնացքի և հեռահար գնացքի բախումը տեղի է ունեցել երկուշաբթի ուշ երեկոյան Բեկասում՝ Ջակարտայի մոտակայքում։ Պարզվել է, որ մերձքաղաքային գնացքը նախ բախվել է ռելսերի վրա գտնվող տաքսիին, ապա բախվել է հեռահար գնացքին։
Երկաթուղային օպերատորը երեքշաբթի առավոտյան հայտարարել է, որ փրկարարները ավարտել են բեկորների մեջ մնացածների որոնումները։
Ինդոնեզիայի որոնողական-փրկարարական գործակալության ղեկավար Մոհամմադ Սյաֆիին ասել է, որ վթարի հիմնական մասը կրել է միայն կանանց համար նախատեսված վագոնը։ Հետևաբար, բոլոր զոհերը կանայք էին, և մեծ մասը մնացել էր կոտրված մետաղի տակ։
«Մենք ստիպված էինք հատուկ հմտություններ ունեցող անձնակազմ բերել՝ մանրակրկիտ տարհանում իրականացնելու համար», - ասել է նա։
Բեկասիի հիվանդանոց այցելելուց հետո նախագահ Պրաբովո Սուբիանտոն հայտարարեց, որ համաձայնել է երկաթուղային գծերի մոտ կառուցել վերգետնյա անցում՝ ծանր խցանումները մեղմելու համար, հավելելով, որ իշխանությունները կհետաքննեն բախումները: Նա նշեց, որ երկաթուղային ցանցի զգալի մասերը պատշաճ կերպով չեն պահպանվում։
Ի դեպ, վթարը կհետաքննի Ինդոնեզիայի Ազգային տրանսպորտային անվտանգության կոմիտեն (KNKT):
Նշենք, որ Ջակարտայի՝ աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքի, մերձքաղաքային գնացքները ամենածանրաբեռնվածներից են: Երեքշաբթի օրը PT KAI-ն հայտնեց, որ վթարի պատճառով մի քանի մերձքաղաքային գնացքների ծառայություններ չեղարկվել են:



























