Մանկական մարմնավաճառության վերաբերյալ լայնածավալ գործի շրջանակում ձերբակալվել է թուրք հայտնի ռեստորատոր, Nusr-Et սթեյք-հաուսների սեփականատեր Նուսրեթ Գյոքչեի եղբայրը։ Նուսրեթը համացանցային մեմերի հերոս էր դարձել կերակուրի վրա աղ անելու իր արտասովոր ոճի շնորհիվ։ Ինչպես հայտնում է Milliyet թերթը, Օզգյուր Նուսրեթը կալանավորվել է այն բանից հետո, երբ քննությունը տվյալներ է ստացել հանցագործություններին նրա առնչության վերաբերյալ։

Նա ձերբակալվել է երեխաներին մարմնավաճառության մեջ ներգրավելուն օժանդակելու մեղադրանքով։ Քննության ընթացքում Օզգյուր Նուսրեթը տեղափոխվել է Ստամբուլի բանտերից մեկը։

Ստամբուլի Քյուչուքչեքմեջե թաղամասի դատախազության կողմից իրականացվող քննության շրջանակում ապրիլի 17-ից ի վեր իրականացվել է երկու հետախուզական գործողություն, որոնք ուղեկցվել են ձերբակալություններով։ Հայտնաբերվել է 13 կասկածյալ, որոնցից յոթը կալանավորվել են, իսկ վեցն ազատ են արձակվել դատական վերահսկողության պայմանով։ Ըստ քննության տվյալների՝ այս անձինք զբաղվել են տարածքների տրամադրմամբ, ինչպես նաև կավատությունից ստացված եկամուտների հավաքագրման և լվացման ֆինանսական սխեմաների կազմակերպմամբ։