Եթե Ադրբեջանը քանդում է Արցախում հայկական եկեղեցիները, սա նշանակում է, որ Ադրբեջանը նպատակ չունի խաղաղության։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նախօրեին Հանրային հեռուստատեսությամբ ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հայտարարությանը, ով Արցախում եկեղեցիների քանդելու մասին ասել էր. «Ադրբեջանն իր տարածքում ինչ–որ բան է անում»։

Մարուքյանը մասնավորապես, նշել է. «Թորոսյանն ասում է. «Երբ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման փուլում ես, երբ ուզում ես հարաբերությունները նորմալացնել և նման հարց ես բերում օրակարգ, դա ճիշտ չէ։ Մենք փորձում ենք խաղաղություն կառուցել մեր հարևանի հետ, կարծում եմ` եթե անգամ իրենք անում են այդպիսի քայլեր, ուզում են սադրել, մենք պետք է իմաստուն գտնվենք և չանենք նման քայլեր»։

Ի՞նչ է նշանակում սադրել խաղաղությունը, եթե Ադրբեջանը խաղաղության պլան ունենար, եկեղեցին չէր քանդի, որ խաղաղ լինի, ճանապարհները բացված լինեն, մենք գնանք մոմ վառենք, շփվենք, բայց հողին է հավասարացրել։

Ամբողջ միջազգային մամուլը այս հարցը լուսաբանել է, Ադրբեջանից արձագանք չկա, Ադրբեջանը ամաչում է, չգիտի՝ ո՞նց արդարացնի քրիստոնեական մշակույթի ոչնչացումը, ձեն չեն հանում, բայց այստեղ Ադրբեջանին օգնության է գալիս Արսեն Թորոսյանը ու ասում է՝ դե իր ինքնիշխան տարածքն է, ինչ ուզում՝ անում է։

Այսինքն միջազգային մեր ցանկացած գործընկերը, որ սա կարդա, պետք է ասի՝ հիմա մենք ո՞նց այս հարցը բարձրաձայնենք, եթե ձեր երկրի ներսում ձեր նախարարը, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը ասում է՝ դե նորմալ է, Ադրբեջանը ինքը իր տարածքում արել է, մենք  խաղաղություն ենք կառուցում»։

Մարուքյանը կարծիք հայտնեց, որ Անդրանիկ Քոչարյանն ու Արսեն Թորոսյանը անում են ամեն ինչ, որ ինչ-որ լուրջ մրցանակի արժանանան Ադրբեջանից. «Դե բնականաբար ամբողջ իշխանությունն են իրենք ներկայացնում, պետք էլ չի իշխանություններից իրենց առանձնացնել։

Պետք է հունիսի 7–ին քվեարկել «Լուսավոր Հայաստանի» օգտին և փոխել այս իրավիճակը, կանգնեցնել այս արհավիրքը, երբ որ Ադրբեջանի վայրագությունը կամ ցեղասպանությունը Թուրքիայի կողմից իրականացված, Հայաստանում արդարացնում են հայ մարդիկ տարբեր հարցեր տալով, տարբեր ձևերով, տարբեր եթերներում արդարացնելով այս ամեն ինչը։ Պետք է կանգնեցնել այս ընթացքը»,– ընդգծեց նա։