Մեքսիկայի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատները Նայարիտ նահանգում ձերբակալել են Աուդիաս Ֆլորես Սիլվային, որն առավել հայտնի է «Այգեպան» մականվամբ։ Վերջինիս հայտնաբերման համար Միացյալ Նահանգները 5 միլիոն դոլար պարգևավճար էին սահմանել։ Այս մասին հայտնել է Մեքսիկայի հանրային անվտանգության և քաղաքացիների պաշտպանության նախարար Օմար Գարսիա Հարֆուշը։

«Ռազմածովային նախարարության հատուկ նշանակության ուժերի կողմից մշակված և իրականացված գործողության արդյունքում Նայարիտ նահանգում ձերբակալվել է Աուդիաս Ֆլորես Սիլվան՝ «Այգեպանը»»,- X-ի իր էջում գրել է նախարարը։

Նա հավելեց, որ ձերբակալվածի նկատմամբ Մեքսիկայում կալանքի օրդեր է տրվել, և նա ԱՄՆ իշխանությունների կողմից հետախուզվում է արտահանձնման համար։ Հարֆուշը նաև շնորհակալություն է հայտնել մեքսիկացի զինծառայողներին գործողության ընթացքում ցուցաբերած քաջության, կարգապահության և նվիրվածության համար։

Ինչպես հայտնում է Milenio պարբերականը, «Այգեպանը» «Խալիսկոյի նոր սերունդ» (CJNG) կարտելի ղեկավարներից է եղել և համարվել է խմբավորման նախկին առաջնորդ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի (մականունը՝ Էլ Մենչո) հավանական հետնորդը։ Հիշեցնենք, որ Էլ Մենչոն սպանվել է 2026 թվականի փետրվարին՝ մեքսիկական ուժայինների կողմից ձերբակալման փորձի ժամանակ։ Նշվում է, որ Ֆլորես Սիլվան պատասխանատու է եղել կարտելի լոգիստիկայի, անվտանգության և տարածքային ընդլայնման համար։