«Խորհուրդ կտամ ադրբեջանական գործընկերներին զգուշանալ գառան մորթով գայլերից»,-այդ մասին, այսօր` փետրվարի 24-ին, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը` ելույթ ունենալով Երեւանի պետական համալսարանում` մեկնաբանելով այն տեղեկությունները, որոնք տարածել է Ադրբեջանի ԱԱԾ-ն:
Նշենք, որ օրերս Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել էր եւս մեկ ահաբեկչական խմբավորման բացահայտման մասին, որը գործում էր իրանական հատուկ ծառայությունների կարգադրությամբ: Ադրբեջանական կողմի փոխանցմամբ, խմբավորումը ստեղծվել է «Սեպահ» իրանական հատուկ ծառայության աշխատակցի` Համիդի եւ Գյաջի Աբասի կողմից, ով գլխավորում է «Հըզբոլահի» զինված թեւը` «Մուգավիմաթ»-ը:
AzTV-ի հաղորդմամբ, խմբի անդամները, գործելով «Սեպահ»-ի կարգադրությամբ, հետախուզական բնույթի տեղեկություններ են հավաքել, ձեռք են բերել զենք, պայթուցիկ սարքեր, ինչպես նաեւ նախապատրաստական աշխատանքներ են ձեռնարկել:
Իր հերթին, իրանական կողմն արձագանքել էր Ադրբեջանի այդ մեղադրանքներին: Այսպես, Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Էսմայիլ Քուսարին հայտարարել էր, որ Ադրբեջանի մահմեդականներին մեղադրում են հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ, սակայն քաջ հայտնի է, որ այդ երկիրը համագործակցում է «Մոսադ»-ի եւ ամերիկյան հատուկ ծառայությունների (CIA) հետ, հաղորդում է իրանական «Ֆարս» գործակալությունը:
«Մենք խորհուրդ կտանք մեր ադրբեջանական գործընկերներին զգուշանալ գառան մորթով գայլերից: Կարող եմ ասել, որ Իրանը խաղաղասեր երկիր է, մենք ինքներս ենք տուժել ահաբեկչական գործողություններից: Սիոնիստական վարչակարգը չի եղել եւ չի էլ կարող բարեկամ լինել որեւէ երկրի համար»,-ասել է դեսպանը:




























