Հոլանդացի արքայազն Յոհան Ֆրիսոն, որը մեկ շաբաթ առաջ Ավստրիայում ձնահոսքի տակ էր մնացել, կարող է այդպես էլ կոմայից դուրս չգալ: Այս մասին հաղորդել են ավստրիացի բժիշկները:

Մասնագետների խոսքով` 42-ամյա տղամարդը շատ երկար է մնացել առանց թթվածնի, ինչի արդյունքում գլխուղեղը լուրջ վնասվածքներ է ստացել, հաղորդում է BBC-ն:

Հիշեցնենք, Ֆրիսոն ձնահոսքի տակ էր մնացել Ավստրիայի արեւմուտքում: Արքայազնը ձյան տակ մնացել էր 15 րոպե, մինչեւ որ նրան հանել են եւ հասցրել Ինսբրուք քաղաքի հիվանդանոց: Այդ պահին լեռնադահուկային հանգստի գոտում գտնվել են Նիդեռլանդների արքայական ընտանիքի այլ անդամներ եւս: Նրանք չեն տուժել:

Ֆրիսոն Նիդեռլանդների թագուհի Բեաթրիքսի եւ Կլաուս ֆոն Ամսբերգի երկրորդ որդին է: 2004թ. նա ամուսնացել է առանց Նիդեռլադների կառավարության հավանության, ինչի համար բաժանվել է թագավորական ընտանիքից եւ կորցրել գահի իրավունքը:

Վերջին ժամանակներս աշխատում է բրիտանական Urenco ընկերությունում եւ ընտանիքի հետ ապրում է Լոնդոնում, ունի երկու դուստր: