Լրատվամիջոցներում արտահոսքը, թե Վաշինգտոնում, Լոնդոնում, Փարիզում, Հռոմում եւ Անկարայում Սիրիա ներխուժման գաղտնի ծրագիր է պատրաստվում, ոչ այլ ինչ է, քան տեղեկատվական պատերազմի մաս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան, արաբագետ Դավիթ Հովհաննիսյանը` նշելով, որ տվյալ փուլում ներխուժում չի լինի, քանի որ դրա համար իրական առիթ չկա:
Հովհաննիսյանի խոսքով` այս փուլում տեղեկատվական պատերազմ է իրականացվում, եւ տեղեկատվական արտահոսքերը, մասնավորապես, իսրայելական լրատվամիջոցների կողմից, պետք է ընդունել որպես այդ գործընթացի մաս:
Մեկնաբանելով Թունիսում կայացած «Սիրիայի բարեկամների» հանդիպումը, Հովհաննիսյանը նշեց, որ Ռուսաստանն ու Չինաստանը դրան չեն մասնակցի, այնպես որ դժվար կլինի դրա արդյունքները համարել միջազգային ամբողջական դիրքորոշում:
Անդրադառնալով Սիրիայի եւ Լիբիայի միջեւ զուգահեռներին, Հովհաննիսյանը նշեց, որ Լիբիայում ղեկավարությունը չէր տիրապետում երկրում իրավիճակին, իսկ Սիրիայում իրավիճակն էապես տարբերվում է. «Սիրիայի իշխանությունները վերահսկում են իրավիճակը ողջ երկրում: Այնպես որ իրական առիթ, ոչ թե պատճառներ, քանի որ Սիրիա ներխուժելու պատճառները շատ են, տվյալ պահին չկա»:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, DEBKAfile ռազմական հետազոտության գործակալության տեղեկություններով, ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ֆրանսիան եւ Թուրքիան գաղտնի ծրագիր են պատրաստում Սիրիա ռազմական ներխուժում իրականացրելու շուրջ: Ըստ գործակալության` վերջանական որոշումը պետք է ընդունի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` Պենտագոնի կողմից պատրաստված ծրագրի հիման վրա:



























