Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, այսօր` փետրվարի 24-ին, քննարկվեց ԱԺ «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների անդամներ Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի  հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խառն ընտրակարգից անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի:

«Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնաժողովը դրական եզրակացություն չտրվեց օրենքի նախագծի վերաբերյալ, ինչը հիմք հանդիսացավ որպեսզի «Ժառանգություն» խմբակցությունն իր նիստում այն արտահերթ ճանաչի եւ այդ որոշումը Ազգային ժողովի նախագահին ներկայացնի ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն:

Օրինագիծը կներառվի փետրվարի 27-ից մարտի 1-ի քառօրյա նիստերի օրակարգում եւ արտահերթ կքննարկվի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում:

Հանձնաժողովի կողմից մերժվեց նաեւ «Ժառանգություն» խմբակցության կողմից ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը, որը պետք է ուսումնասիրեր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) մասնավորեցման գործընթացի, նրան հանքավայրերի շահագործման իրավունքներ տրամադրելու պայմանների, ԶՊՄԿ-ի կողմից ՀՀ-ում օրենքով սահմանված բնապահպանական չափորոշիչները պահպանելու եւ բնապահպանական վճարների կատարման, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա  հանրային շահ  ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշման օրինականության հարցերը: