Ուզբեկստանում միաժամանակ բոլոր հեռուստաալիքներով դադարեցրել են թուրքական հեռուստասերիալների հեռարձակումը:

Ընդհանուր թվով, երեք հեռուստաալիքներից հանել են երեք սերիալներ, դրանցից մեկը փոխարինվել է ուզբեկական «Զեբուզար» սերիալով, որը պատմում է մարդկանց առեւտրով զբաղվողների զոհ դարձած կանանց մասին:

Ինչպես տեղեկացնում է Central Asian News-ը, պաշտտոնական վարկածով, մասնավորապես,  «Հարսնացու» սերիալը հանվել է տեխնիկական պատճառներով: Միաժամանակ հեռուստառադիոընկերության աղբյուրը հաղորդել է, որ պատճառն այլ է. սերիալը հանվել է այն պատճառով, որ «պերսոնաժների կերպարում ըմբոստության ոգի կա, եւ որոշ բաց տեսարաններ են առկա, ինչը չի համապատասխանում ուզբեկական մենթալիտետին»:

Հայտնում են նաեւ, որ  մի քանի փորձագետներ թուրքական սերիալների ցուցադրման դադարեցումը կապել են Ուզբեկստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վատացման հետ:

Հիշեցնենք, որ 2011 թվականին Տաշքենդում փակվել էին մի քանի խոշոր թուրքական կենտրոններ` հարկային խախտումների պատճառով: Իսկ օրերս հայտնի է դարձել, որ Ուզբեկստանից արտաքսվել է թուրքական գործարարների մի խումբ, որոնք մեղադրվում են տնտեսական հանցագործության մեջ: