Մոլդովան վերջապես որոշել է, թե ով է դառնալու երկրի նախագահ: Խորհրդարանը պետք է քվեարկի Մոլդովայի Ազգային բանկի նախկին փոխնախագահ, ներկայումս ԱՄՆ-ում բնակվող 50-ամյա Վերոնիկա Բակալուի օգտին:
Նրա թեկնածությունն առաջադրվել է կառավարող «Դաշինք հանուն եվրոպական ինտեգրման» կոալիցիայի կազմում ընդգրկված կուսակցությունների մեծ մասի կողմից, մասնավորապես` դեմոկրատական, լիբերալ-դեմոկրատական եւ Իգոր Դոդոնի սոցիալիստների խմբի:
Բակալուի ընտրության համար հարկավոր է, որ նրա օգտին քվեարկեն 61 պատգամավորներ: Այժմ նա ունի 49 պատգամավորների աջակցությունը: Մնացել են Լիբերալ կուսակցության պատգամավորները, որոնք սկզբունքորեն չեն հակաճառում:
Սակայն ընտրությունների օրը չեն կարողացել հաստատել, քանի որ լիբերալները լքել են խորհրդարանը` այն առանց քվորումի թողնելով:
Վերոնիկա Բակալուն փետրվարի 28-ին կդառնա 51 տարեկան: 2003թ.-ից նա աշխատում է Վաշինգթոնում` Արժույթի միջազգային հիմնադրամի Եվրոպական դեպարտամենտում: Մինչ այդ` սկսած 1996-ից եղել է Մոլդովայի Ազգային բանկի նախկին փոխնախագահը:
Նշենք, որ Մոլդովան առանց նախագահի է մնացել արդեն 2,5 տարի: 2009-ին եւ անցած տարի խորհրդարանը ցրվել էր, եւ արտահերթ ընտրություններ էին նշանակվել:




























