«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` փետրվարի 24-ին կայացավ «Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը: Այն անցկացվում է երկրորդ անգամ:
Մրցանակները հանձնվեցին մի քանի անվանակարգերում, ինչպես նաեւ առաջին անգամ սահմանվեց «Գրան պրի» մրցանակ:
Կորպորատիվ արժեթղթերի շուկայում երկրորդ տարին անընդմեջ լավագույն անդամ ճանաչվեց «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ներդրումային ընկերությունը: Դա պատահական չէ, քանի որ ընկերությանը բաժին է ընկնում կորպորատիվ պարտատոմսերի շրջանառության 90 %-ից ավելին:
«Արարատբանկը» ճանաչվեց բորսային լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում:
Արտարժույթի շուկայում լավագույնը «Ամերիաբանկն» է:
Վարկային ռեսուրսների շուկայում լավագույնի կոչմանն արժանացավ «Հայբիզնեսբանկը»:
Իսկ Գրան-պրի մրցանակը, որը շնորհվում է բոլոր հարթակներում ակտիվ գործունեության համար, ստացավ «Արարատբանկը»:
Մրցանակներ հանձնվեցին նաեւ «Զարգացնում ենք կապիտալի շուկան 2011 թվականին» թեմայով ուսանողական ռեֆերատներ ներկայացրած ուսանողներին: Ի դեպ` բոլոր մրցանակակիրներն ու պատվոգիր ստացածները աղջիկներ էին: Սակայն առաջին տեղը զբաղեցրած Լուսինե Կարապետյանն այդպես էլ չներկայացավ մրցանակաբաշխությանը; Երկրորդ տեղը զբաղեցրած Երեւանի տնտեսագիտական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Մակարյանից NEWS.am-ը հետաքրքրվեց, թե ինչ առաջարկություններ է ներկայացրել կապիտալի շուկան զարգացնելու համար: Ուսանողուհու կարծիքով` պետք է ակտիվացնել իրազեկման աշխատանքները, ինչպես նաեւ ստեղծել արժեթղթերում իրականացվող ներդրումների երաշխավորման ֆոնդ, ինչպես դա արվել է ավանդների պարագայում:



























