Թուրքիան պետք է վերադարձնի հայոց եկեղեցական կալվածքներն իրենց իրավական սեփականտիրոջը` Կիլիկիո կաթողիկոսությանը: Այդ մասին երեկ` փետրվարի 23-ին, հայտնել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Անթիլիասի մայրավանքում գումարված «Հայոց ցեղասպանությունը` ճանաչումից հատուցում» միջազգային խորհրդաժողովին:
Խորհրդաժողովին մասնակցում են հայ եւ օտարերկրացի իրավագետներ, քաղաքագետներ, ցեղասպանագետներ, ազգային մարմինների ներկայացուցիչներ: Միջազգային իրավունքի դասախոս, դոկտոր Նորա Բայրաքդարյանը իր խոսքում նշել է, թե 100 տարուց ավելի արդարությունը տակավին չի իրագործվել: Արամ Առաջինն իր հերթին հատուկ կերպով բանաձեւել է «Հայոց ցեղասպանություն» եզրը` մեջբերումներ անելով ՄԱԿ-ի Մարդու իկրավունքների հռչակագրից եւ հիմնավորել, որ Թուրքիայի կատարածը լիովին տեղավորվում է ցեղասպանության շրջանակներում:
Միջազգային դատարանի դատախազ Ջո Վերհովենը հարց է տվել` արդյոք ջարդերը կանխամտածված են եղել: «Ողբերգությունն իսկապես եղել է, սակայն դրա անդրադարձը արդար չէ»,- նշել է դատախազը` ակնարկելով Թուրքիային: Վերհովենը բազմաթիվ ուսումնասիրություններ է կատարել` ավելի մոտիկից ծանոթանալու Հայոց ցեղասպանությանը: «Ինչո՞ւ Թուրքիան չի ճանաչում»,- զարմանք է հայտնել վերհովենը` հավելելով, որ որքան էլ միջազգային կարծիքն ընդունի, Թուրքիայի ճանաչումը էական հանգամանք է:
Լուսանկարը` «Ազդակ» թերթի


























