Ֆուտբոլի Իրանի առաջնությունում ընդմիջում էր հայտարարված, եւ այդ երկրի ակումբներում հանդես եկող հայ ֆուտբոլիստները, օգտագործելով առիթը, ժամանել էին Հայաստան կարճատեւ արձակուրդի: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է «Մեսի» պաշտպան Արարատ Առաքելյանի հետ, ով մինչեւ Իրան տեղափոխվելը հանդես էր գալիս «Բանանցի» կազմում:
Արարատ, ինչպե՞ս են գործերդ «Մեսում»:
Շնորհակալ եմ, ամեն ինչ լավ է: Հիմա Իրանում կարճատեւ դադար է առաջնությունում, ես էլ կարողացա մեկ շաբաթով գալ Հայաստան: Մարզավիճակս լավ է, եւ կարեւորը դա է: Ճիշտ է, թիմի վերջին երկու խաղերին չմասնակցեցի, բայց թեթեւ վնասվածքն էր պատճառը: Մարզչի հետ զրուցեցի ու որոշեցինք թեթեւ հանգիստ տալ, որպեսզի վնասվածքը չխորանա: Մկանային թեթեւ վնասվածք էր: Այս հանգիստն էլ նպաստեց լիովին ապաքինվելուն: Հայաստանում մեկ շաբաթ մարզվեցի, ամեն ինչ նորմալ է: Հիմա արդեն մեկնում եմ Թեհրան, այնուհետեւ թիմի կազմում կմեկնենք Դուբայ ուսումնամարզական հավաքի: Մարտի 10-ին վերսկսվում է առաջնությունը, ու մրցելու ենք Իրանի փոխչեմպիոն «Պերսեպոլիսի» հետ:
Իսկ «Մեսը» ինչպե՞ս է հանդես գալիս:
Այս պահի դրությամբ մեր թիմը 18 թիմերի մեջ 13-րդ տեղում է: Բայց աղյուսակում թիմերը ընթանում են շատ մեծ խտությամբ: Տեսեք` Վալերի Ալեքսանյանի եւ Լևոն Պաչաջյանի թիմը հիմա 9-րդ տեղում է 33 միավորով, մենք ունենք 30 միավոր: Երկու հաղթանակը միանգամից թիմին կարող է բարձրացնել 6-7 հորիզոնականներ:
Քո պայմանագիրը ե՞րբ է ավարտվում «Մեսի» հետ:
Առաջնությունը Իրանում ավարտվում է մայիսի 11-ին: Իմ պայմանագիրը ավարտվում է հունիսի 15-ին: Բայց եթե առաջնությունը ավարտվի, ու ես չուզենամ երկարաձգել պայմանագիրը, արդեն կարող եմ վերադառնալ Հայաստան: Հիմա «Մեսը» ուզում է երկարաձգել ինձ հետ պայմանագիրը, բայց ես ասել եմ, որ դեռ կմտածեմ: Ուզում եմ տեղափոխվել Ռուսաստան կամ Ուկրաինա: Բացի այդ էլ շատ եմ ուզում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
Ռուսաստանից կամ Ուկրաինայից առաջարկություններ կա՞ն:
Կոնկրետ առաջարկություններ չկան, բայց այդ ուղղությամբ աշխատում ենք:
Փաստորեն կարծում ես, որ հանդես գալով Ուկրաինայում կամ Ռուսաստանում` հավաքական վերադառնալու շանս կլինի՞:
Դե ինձ համար հավաքական վերադառնալն է ամենակարեւորը: Չէի ասի, որ Ռուսաստանի կամ Ուկրաինայի առաջնությունները շատ են բարձր իրենց խաղամակարդակով Իրանի առաջնությունից, բայց ամեն դեպքում որոշ տարբերությոն կա, եւ դա կնպաստի իմ ելույթներին: Ինչ վերաբերում է հավաքականին, ապա ես ազգային թիմի կազմում միշտ էլ հանդես եմ եկել անմնացորդ նվիրումով ու սրտով:
Ի՞նչ կասես հավաքականի առաջիկա երկու հանդիպումների համար:
Հիմա դեռեւս նախապատրաստական ժամանակահատված է ֆուտբոլիստների համար, եւ, իհարկե, տղաների մարզավիճակը ամենաբարձր մակարդակի վրա չէ: Բայց ես համոզված եմ, որ մեր թիմը կխաղա այնպես, ինչպես արդեն մենք տեսել ենք:
Զրուցեց Խաչիկ Չախոյանը



























