NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «The New York Times»-ում հրապարակված Ռոդերիկ Կոնվեյ Մորիսի հոդվածը.

«Հայկական քաղաքակրթությունը համարվում է Մերձավոր Արեւելքում պահպանված հնագույններից մեկը, սակայն իր պատմության մեծ մասը հայ ժողովուրդն ապրել է առանց պետության: Դա այդ ժողովրդի մշակույթի մեջ առանցքային դիրք է վերպահել գրավոր եւ բանավոր խոսքին, քանի որ դա  է եղել այն միջոցը, որի օգնությամբ պահպանվել է հայկական ինքնությունը:1511–1512թթ. Վենետիկում տպագրվում է առաջին հայատառ գիրքը:

Այդ իրադարձությունն  էլ առանձնահատուկ  կարեւորվում է այդ ցրված ժողովրդի համար, որը ժամանակակից հայրենիք վերագտավ միայն  1918թ-ին, այն էլ` իր վաղնաջական հայրենիքի մի փոքր մասի վրա միայն:Առաջին հայատառ  տպագիր գրքի հոբելյանն  էլ առիթ է դարձել «Հայաստան. քաղաքակրթության հետքեր» տպավորիչ ցուցահանդեսի համար, որը կազմակերպել են Գաբրիելա Ուլուխօղլյանը, Պողոս Լեւան Զեքիյանը եւ Վարդան Կարապետյանը, որում ցուցադրված է հայ գրավոր մշակույթի մասին պատմող ավելի քան 200 աշխատանք: Ներկայացված են նկարազարդ ձեռագրեր, տպագիր եւ պատկերազարդ գրքեր, այդ թվում` շատ բացառիկ եւ եզակի ստեղծագործություններ` Հայաստանի եւ Եվրոպայի հավաքածուներից:Ցուցահանդեսն սկսվում է  հայ նկարիչ  Հովհաննես Այվազովսկու զարմանալի, մթնոլորտ ստեղծող «Նոյն իջնում է Արարատից»  գործով:

Առաջին հայ տպագիր գրքի թանկարժեք օրինակը` «Ուրբաթագիրքը», նույնպես ներկայացված է: Նորարությունը հանգեցել էր ողջ աշխարհում տպագիր մամուլի ստեղծմանը: Նրանց բնօրրաններից են Ամստերդամը, Փարիզը, Վիեննան, Սանկտ Պետերբուրգը, Սպահանը, Մադրասն  ու Սինգապուրը,  որոնք էլ կազմում են  ցուցահանդեսի  ուշագրավ բաժինները:

Վենետիկը հետագայում զարգանում է որպես հայ մշակույթի գլոբալ կենտրոններից մեկը` 1715 թ-ին Մխիթար աբբահոր եւ նրա վանականների Սուրբ Ղազար կղզում հաստատվելուց հետո: Հենց Սբ Ղազարն էլ դառնում է այդ եւ հետագա ժամանակաշրջանի համար հայ մշակութային վերածննդի հիմնական էպիկենտրոնը:Այնտեղ է հրատարակվում «Բազմավեպ» գրական, պատմական եւ գիտական ամսագիրը. 1843 թ-ից ի վեր դա հնագույն պարբերականներից է, որի հրատարակությունը շարունակվում է: Իսկ առաջին տպագիր ամսագիրը եղել է «Ազդարարը», որը լույս է տեսել 1794 թ-ին Մադրասում: