Թաիլանդում, Բանգկոկում փետրվարի 14-ին տեղի ունեցած պայթյունների նախապատրաստման կասկածանքով, Իրանի եւս 3 քաղաքացիների են ձերբակալել: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, կալանավորվել են Մադանի Սայեդ Մեհրիդն ու Ռադ Իրաջը, ինչպես նաեւ վերջինիս կինը` Մաբոբ Թասբեհին:
Ոստիկանությունը նրանց հետքի վրա է դուրս եկել ավելի վաղ ձերբակալված իրանցիների հեռախոսային խոսակցությունների վերծանումից հետո: Մեհրիդը պարբերաբար խոսել է կասկածյալներ Սայիդ Մորադիի եւ Մոհամեդ Հազայիի հետ, հաղորդում է «Ֆեդերալ-Փրեսս»-ը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 14-ին Բանգկոկի բնակելի շենքերից մեկում, որտեղ ապրել են 3 իրանցիներ, պայթյուն է տեղի ունեցել, որից հետո երեքն էլ տնից դուրս են փախել: Նրանք փորձել են տաքսի նստել, սակայն վարորդը հրաժարվել է տանել ուղեւորներին: Այդ պահին հայտնվել են ոստիկանները: Մորադին առաջին ռումբը նետել է տաքսու վարորդի ուղղությամբ, իսկ երկրորդը` ոստիկանների, սակայն ռումբը պայթել է իրանցու մոտ` կտրելով նրա ոտքերը: Տուժել են նաեւ 4 թաիլանդացիներ:
Հազային եւ Սեդագաձադեն անհետացել են դեպքի վայրից: Որոշ ժամանակ անց թաիլանդական ներգաղթային ոստիկանությունը ձերբակալել է Հազայիին Մալազիա թռչող ինքնաթիռ նստելիս: Սեդագաձադեն ձերբակալվել էր Մալազիայում` Իրան թռչելու փորձի ժամանակ:



























