Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ից քաղաքական նոր գործընթաց է սկսում:

Այս մասին այսօր` փետրվարի 27-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, հավելելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կենսական նշանակություն ունեն Հայաստանի քաղաքական ապագայի համար:

Նրա խոսքով, այս ընտրությունները կողմնորոշիչ են լինելու, թե ինչպիսի երկիր է լինելու Հայաստանը, մնալու է պատա՞նդ վարչախմբի ձեռքում, թե համակարգային փոփոխությունների սկիզբ է դնելու:

Մուսինյանը նշեց, որ Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր ուժերը ճակատամարտ են տալու իշխանությունների դեմ եւ Հայաստանը վերադարձնելու են նորմալ զարգացման փուլ: Նրա խոսքով, ՀԱԿ-ի թիրախը լինելու է Սերժ Սարգսյանը ու նրա ղեկավարած ՀՀԿ-ն:

Բացի այդ, ՀԱԿ-ը հնարավորինս մոբիլիզացնելու է հասարակությանը, ինչպես կեղծիքները կանխելու, այնպես էլ այդ կեղծիքների մասին բարձրաձայնելու ուղղությամբ: