Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ներել ֆիզիկական անձանց գույքահարկն ու հողահարկը մոտ 43,8 միլիարդ դրամի չափով: Նման առաջարկ է արվել «Հողահարկի եւ գույքահարկի պարտավորությունների մասին» օրինագծում, որ ներկայացվել է հայաստանի Ազգային Ժողով: Ներվելու են մինչեւ 2008թ. հունվարի 1-ն ունեցած պարտքերը:

Ներելով պարտքերը` իշխանություններն օրինականացնում են նախընտրական կաշառքները, Ազգային Ժողովում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Ինչպես նշել է տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, տեղական վարչակազմերը գործնականում ի վիճակի չեն գանձել 3 տարի եւ ավելի ժամանակահատվածի պարտավորությունները, դատարաննեը վաղեմության ժամկետի պատճառով հայցեր չեն ընդունում: Պարտավորությունների եւ տույժ-տուգանքների ընդհանուր ծավալը կազմում է 43,8 մլրդ դրամ (մոտ 110 մլն դոլար): Հիմնականում պարտքերը հնարավոր չէ գանձել բնակիչների անապահովության, նաեւ շատ անձանց հեռացած լինելու պատճառով:

Մեկնաբանելով օրինագիծը` Վահան Հովհաննիսյանն ընդգծել է, թե այն ընդունվում է հենց նախընտրական տարում, եւ հետաքրքրվել, թե ինչն էր խանգարում ավելի վաղ ընդունել: Նրա խոսքը շարունակել է Լարիսա Ալավերդյանը` նկատելով, թե հակառակ դեպքում, ընտրողները «կհասցնեին մոռանալ այդ մասին»: