Այսօր` փետրվարի 27-ին, ասիական տարածաշրջանային այցելության շրջանակներում տարանցիկ այցով Հոնկոնգում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հոնկոնգի օրենսդիր խորհրդի նախագահ Հոն Յասպեր Ցանգ Յոկ-սինգի (Hon Jasper Tsang Yok-sing) հետ։
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի եւ Հոնկոնգի միջեւ տնտեսական համագործակցությանն առնչվող hարցեր: Հարաբերությունների զարգացման տեսանկյունից երկուստեք կարեւորվել է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը: Նախարար Նալբանդյանը օրենսդիր խորհրդի նախագահին տեղեկացրել է Հոնկոնգում ՀՀ պատվո հյուպատոսություն հիմնելու մտադրության մասին:
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի Անվտանգության քարտուղար Ամբրոզ Լի Սիու Քվոնգի հետ (Ambrose Lee Siu-kwong)։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի եւ Հոնկոնգի մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությունները:
Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաեւ Հոնկոնգի մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, որոնց ներկայացրել է Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները եւ ներդրումային հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2011թ. դեկտեմբեր եւ 2012թ. փետրվար ամիսներին Հոնկոնգի գործարարների` Հայաստան կատարած այցերի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ այդ ոլորտում ձեռնարկվելիք քայլերը:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Հոնկոնգից ժամանել է Սինգապուր, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները երկրի բարձրագույն ղեկավարության հետ:




























