2012 թվականի սեպտեմբերի 3-8-ին Հայաստանի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի /ԱԱՀՈՒ/ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունները:

«Փոխգործակցություն-2012» զորավարժությունների թեման է «ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կիրառումը Կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ»:

Զորավարժությունների նախապատրաստման եւ անցկացման ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը: Զորավարժությունների ղեկավարման շտաբի կազմը որոշում է հայկական կողմը` ՀԱՊԿ Միավորված շտաբի համակարգմամբ` ներառելով ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարությունների, շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների, ԱԱՀՈՒ ազգային զորակազմերի հրամանատարության, ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր պետությունից ներգրավվող զորքերի /ուժերի/ ներկայացուցիչներին:

Զորավարժությունների մտահղացման հիմքերի, մասնակիցների կազմի, զորավարժություններում ներգրավվող զորքեր /ուժերի/ եւ միջոցների, ղեկավարման կազմակերպման համաձայնեցման եւ զորավարժությունների ծրագրի լրամշակման նպատակով 2012թ. փետրվարի 28-ից մարտի 1-ը Երեւանում կկայանան զորավարժությունների առաջին շտաբային բանակցությունները` ՀԱՊԿ անդամ-պետությունների պատվիրակությունների, ՀԱՊԿ քարտուղարության եւ Միացյալ Շտաբի, ՀՀ շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների մասնակցությամբ: