Այսօր` փետրվարի 27-ի երեկոյան «Միասին» շարժման անդամներն ու համակիրները մոմերով երթ են կազմակերպել Ծիծեռնակաբերդի բարձունք` Սումգայիթում զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ (ֆոտոռեպորտաժ):
Մոմերով երթի հարյուրավոր մասնակիցները Ծիծեռնակաբերդի բարձունքում ջահերով կազմել են NEVER AGAIN (Այլեւս երբեք) բառակապակցությունը, իսկ Մեծ եղեռնի հուշահամալիրի մշտավառ կրակից վառել են ջահերից մեկը, ապա ֆլեշմոբի բոլոր մասնակիցների ջահերը:
Միասին շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ակցիայով «առաջին հերթին ակցիայով նպատակ ունեին հարգել սումգայիթյան ոճրագործության զոհվածների հիշատակը»:
«Մեր ակցիան մեսիջ էր` ուղղված ողջ քաղաքակիր մարդկությանը, նաեւ Ադրբեջանին, որ վերջին շրջանում ակտիվացրել է հակահայ քարոզչությունը եւ երկրի ներսում, եւ երրորդ երկրների լսարանի համար»,- նկատեց նա:
Նշենք, որ ողջ աշխարհի հայերը փետրվարի 28-ին նշում են Ադրբեջանում սումգայիթյան ջարդերի 24-րդ տարելիցը: Ջարդերն, սկսվելով 1988թ. փետրվարի 26-ին, ուղեկցվեցին հայկական բնակչության նկատմամբ զանգվածային բռնություններով, սպանություններով ու թալանով:




























