Փետրվարի 28-ին, ժամը 00.52-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան 66 շենքի տանիքից սահած ձյունը վնասել է քիվապատը, որի մի հատվածը կարող է ընկնել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տեղում կատարված զննման արդյունքում պարզվել է, որ տանիքի ամբողջ երկարությամբ մոնտաժված քիվապատի մոտ 5 մետր հատվածը կախված է շենքից դուրս, մյուս հատվածը` մոտ 20 մ երկարությամբ, ընկած է տանիքի ձյան վրա, եւ հալվող ձյան վայր ընկնելու դեպքում քիվապատը տանիքից ներքեւ կընկնի:

Տանիքում կուտակված ու պարբերաբար թափվող մոտ 30 սմ հաստությամբ ձյան շերտի պատճառով հնարավոր չէ քիվապատի վնասազերծման աշխատանքներն իրականացնել տանիքից:

Դեպքի վայրում են գտնվել  նաեւ Արաբկիր վարչական շրջանի կոմունալ ծառայության պետը եւ համատիրության ղեկավարը:

Քիվապատի վնասազերծման աշխատանքները կշարունակվեն առավոտյան` Արաբկիր վարչական շրջանի կոմունալ ծառայության աշխատակիցների հետ համատեղ: