Մեծամասնական ընտրակարգը մեծագույն խոչընդոտն է ազատ եւ արդար ընտրությունների: Այդ մասին Ազգային ժողովի դարպասների առջեւ ՀՅԴ-ի, Հայ ազգային կոնգրեսի եւ ընդդիմադիր այլ ուժերի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասել է դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Հավաքվել ենք կարեւոր առաքելությամբ, որովհետեւ Ազգային Ժողովը մի քանի րոպեից սկսելու է 100 տոկոսանոց համամասնականի անցնելու հարցի քննարկումը:
Հարցը քննարկում ենք մոտ երկու ամիս, սրանով է պայմանավորված, թե մենք ինչպիսի՞ ընտրություններ ենք ունենալու, մենք կարողանալո՞ւ ենք արդյոք ազատ, արդար հավասար պայմաններով ընտրություններ անցկացնել, թե` ոչ: Մեծամասնական ընտրակարգը մեծագույն խոչընդոտն է, հիմա մի վերջին անգամ փորձելու ենք հարցը դնելու քվեարկության»,- նշեց Ռուստամյանը:
Վերջինիս խոսքով, ԱԺ-ում քննարկումը տեւելու է մեկուկես ժամ: «Երկու կողմից փորձենք ստիպել, որ օրինագիծն ընդունվի, որ հասկանան` եթե ուզում են արդար ընտրություններ, սա է ճիշտ ճանապարհը, եթե ուզում են հասարակության մեջ վստահություն առաջացնել, սա առաջին քայլն է, որ պիտի կատարվի»,- ասաց նա եւ հավելեց. «Եթե սա չլինի, մնալու է մեծ անվստահություն: Իշխանությունները մեծ դժվարություն ունեն այս մեծամասնական ընտրակարգից հրաժարվելու հարցում, որովհետեւ վախենում են կորցնել իշխանությունը»:
Ռուստամյանը աննախադեպ որակեց հարցի շուրջ համախմբումը: «Այսօր այս հարցի շուրջ կա կոնսենսուս հանած մեկ: Ողջ ժողովուրդը կողմ է, հանրապետականը` դեմ: Մենք առաջարկում ենք նույնիսկ հանրաքվե անցկացնել»,- ասաց նա` հավելելով, որ ընդդիմությունը պարտավոր է համախմբվել ընտրությունները վերահսկելու համար:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի











