Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը համոզված է, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Սահմանադրությանը համապատասխանող կճանաչի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այդ մասին նա հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

«Կարծում եմ` Ֆրանսիայի ժողովուրդն ու իշխանությունն իրենց որոշումն ընդունել են` խորհրդարանում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմամբ, եւ սա փաստորեն այդ օրենքի հակառակորդների վերջին հնարավորությունն է վիճարկելու սահմանադրական խորհրդում: Կարծում եմ` ՍԽ-ն դրական որոշում կկայացնի եւ դրանով վերջնականապես Ֆրանսիայի դիրքորոշումը կհաստատվի»,- նշեց պատգամավորը եւ հավելեց. «Վերջապես Եվրամիության առաջատար երկրներից մեկը պետք է մեկընդմիշտ աշխարհին ցույց տա, որ ցեղասպանությունը կատարված իրողություն է, այն պետք է ճանաչել, դատապարտել, որ նման ողբերգություններ այլեւս չլինեն»:

Այդուհանդերձ, եթե Ֆրանսիայի ՍԽ-ն բացասական որոշում կայացնի, ըստ պատգամավորի, Ֆրանսիայի հասարակությունը, խորհրդարանը, իշխանությունները հետագայում կփորձեն օրենքը մինչեւ վերջ տանելու: «Իրենք կաշխատեն, նաեւ մենք էլ պիտի աշխատենք, որ մյուս երկրներն էլ ընդունեն օրենքը»,- ամփոփեց նա:

Նշենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը քննարկելու է այսօր` փետրվարի 28-ի երեկոյան, Երեւանի ժամանակով ժամը 20-ին։ Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի ներկայացրած օրինագծին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել 2011 թվականի դեկտեմբերի 22-ին, Սենատը` այս տարվա հունվարի 23-ին։

Ֆրանսիացի մի խումբ սենատորներ օրինագիծը վիճարկել են Սահմանադրական խորհրդում: