«ՀԱՊԿ կառավարման մարմինների եւ Հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կազմավորման օպերատիվ եւ մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2012թ. ծրագրի»  համաձայն`  2012թ. սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) «Փոխգործակցություն-2012»  համատեղ զորավարժությունները:

Զորավարժությունների մտահաղացման հիմքերի, մասնակիցների կազմի, զորավարժություններում ներգրավվող զորախմբերի, ղեկավարման կազմակերպման եւ զորավարժությունների ծրագրի լրամշակման նպատակով 2012թ. փետրվարի 28-ին Երեւանում մեկնարկել են զորավարժությունների առաջին շտաբային բանակցությունները, որոնց մասնակցում են ՀԱՊԿ անդամ-պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Հայաստանի, ինչպես նաեւ ՀԱՊԿ քարտուղարության եւ Միացյալ Շտաբի ներկայացուցիչները:

Բացելով խորհրդակցությունը եւ ողջունելով մասնակիցներին` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը պատվիրակությունների անդամներին է ներկայացրել քննարկվելիք հարցերի շրջանակը:

Շտաբային բանակցությունների մասնակիցներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Իր ելույթում պարոն Դ.Տոնոյանն ընդգծել է, որ երկօրյա աշխատանքների ընթացքում կհամաձայնեցվեն զորավարժությունների մտահղացման (ծրագրի) հիմունքները, որոնք մշակվել են միջազգային չափանիշների համաձայն եւ ենթադրում են բացառապես պայմանական ռազմաքաղաքական իրավիճակ, աշխարհագրական պայմանական տեղանուններ եւ ռազմաքաղաքական կազմակերպությունների ու պետությունների անվանումներ:

Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է նաեւ, որ տարածաշրջանում վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպես նաեւ ՀԱՊԿ միջազգային վարկանիշի բարձրացման նպատակով որոշվել է զորավարժությունների գործնական փուլում ընդգրկել տարբեր միջազգային եւ հասարակական կազմակերպությունների դիտորդների: Զորավարժությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի կանոնների պահպանումն ապահովելու նպատակով շտաբային բանակցություններին եւ պլանավորվող զորավարժություններին առաջին անգամ մասնակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը:

ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Անատոլի Նոգովիցինն իր հերթին վստահություն է հայտնել, որ շտաբային բանակցությունների այս փուլում կհամաձայնեցվեն հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերն ու կձեւավորվեն միասնական տեսակետներ: