Իրանում պատերազմը կարող է լուրջ անկայունություն առաջացնել Կովկասում եւ անվերահսկելի միգրացիոն գործընթացներ հրահրել: Այդ մասին փետրվարի 29-ին լրագրողներին հայտնել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը:

Նրա խոսքով, եթե ագրեսիա սկսվի, դժվար է հաշվարկել, թե ինչ աշխարհաքաղաքական տեղաշարժեր կարող են տեղի ունենալ: «Հնարավոր են միգրացիոն տհաճություններ»,-նշել է Նովիկովը:

Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը չի բացառել, որ ռազմական գործողությունների դեպքում Իրանից փախստականների հոսք կսկսվի դեպի հարեւան ԱՊՀ երկրներ: Նա հիշեցրել է, որ Իրանում բնակվում են մեծ քանակությամբ էթնիկ ադրբեջանցիներ:

«Արվում է ամեն հնարավորը, որ Կասպից ծովի ջրատարածքում եւ Հարավային Կովկասում նման անկայունություն չստեղծվի»,-ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: