Ույղուրների եւ չինացիների միջեւ չինական Սինցզյան նահանգում տեղի ունեցող միջէթնիկական բախումների արդյունքում սպանվել է 20 մարդ: Չինական լրատվամիջոցներում «ահաբեկչական հարձակում» անվանված դեպքը տեղի է ունեցել փետրվարի 28-ի երեկոյան Քաշգար քաղաքի մոտ` Սինցզյան նահանգի հարավում:
Ըստ վերջին տվյալների` դանակներով զինված ինն անձինք հարձակվել են անցորդների վրա: Զոհվել են 13 խաղաղ քաղաքացիներ, շատերը վնասվածքներ են ստացել: Ոստիկանությունը կրակ է բացել հարձակվողների վրա` սպանելով յոթին: Հարձակվողներից երկուսը ձերբակալվել են:
Ույղուրները կազմում են տարածաշրջանի 21 միլիոն բնակչության 40%-ը: Սակայն նրանք հարավային տարածաշրջանում եւ Քաշգարում մեծամասնություն են: Ույղուրներին բարկացնում է պետական վերահսկողությունն իրենց մշակույթի եւ կրոնի նկատմամբ:
Ույղուրները մահմեդական սուննիներ են: Ույղուրյան լեզուն թուրքական լեզվախմբին է պատկանում, գրում է gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ 2009 թվականի հուլիսին ույղուրներն ապստամբել էին Սինցզյան նահանգի մայրաքաղաք Ուրումչիի չինացի բնակիչների վրա: Այն ժամանակ զոհվել էր առնվազն 197 մարդ:




























