Կահիրեի օդանավակայանում ձերբակալվել է «Ալ Կաիդայի» սպանված առաջնորդ Ուսամա բեն Լադենի հետնորդ Սաիֆ ալ Ադելը:
Ըստ եգիպտական լրատվամիջոցների հաղորդագրությունների` ալ Ադելը Պակիստանից Եգիպտոս է ժամանել եւ ձերբակալվել անցակետում` փաստաթղթերի ստուգման ժամանակ: Դրանից հետո ալ Ադելին հանձնել են հատուկ ծառայությունների աշխատակիցներին:
Եգիպտոսի բնակիչ Սայիֆ ալ Ադելը ժամանակավորապես գլխավորել է ահաբեկչական կազմակերպությունը նախորդ տարվա մայիսից մինչեւ այն ժամանակ, երբ դրա վերահսկողությունը ստանձնել է Այման ազ Զավահիրին: Նա ՀԴԲ-ի վարկածով ամենահետախուզվող ահաբեկիչներից եւ «Ալ Կաիդայի» առաջատար ռազմական հրամանատարներից է: Եգիպտական բանակի նախկին սպայի գլխի համար 5 միլիոն դոլարի պարգեւ էին խոստացել:
Ալ Ադելը պատասխանատու էր արտասահմանյան բջիջների հետ հարաբերությունների համար եւ կապված էր «Եգիպտական իսլամական ջիհադ» կազմակերպության հետ: Նրան նաեւ կասկածում են Քենիայում եւ Տանզանիայում 1998 թվականին ամերիկյան դեսպանատները պայթեցնելու մեջ, գրում է utro.ru-ն:




























