Հաղորդումներ են ստացվում, որ սիրիական բանակը վերականգնել է Հոմս քաղաքի բնակելի թաղամասերի նկատմամբ  վերահսկողությունը, որը երկար ժամանակ Ասադի  վարչակարգի հակառակորդ զինված խմբավորումների վերահսկողության տակ էր գտնվում:

Այս մասին հաղորդել է  «Ալ Մանար» հեռուստակայանը` հղում անելով սիրիական ռազմական աղբյուրին: Տեղեկատվության համաձայն` խռովարարների դիմադրությունը կոտրված է, նրանց Բաբ Ամր շրջանում գտնվող  հրամանատարական կենտրոնը գրավված է, քաղաքը մաքրվում է, աշխատում են ինժեներները:

Ինչպես սպասվում է, մոտակա ժամերին կհետեւի Հոմսն ազատագրելու մասին կառավարության հայտարարությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ լիբանանյան հեռուստակայանի տեղեկությունների` ձերբակալվածների եւ գերի ընկածների թվում կան լիբանանցիներ եւ արաբական այլ երկրների քաղաքացիներ, այդ թվում նաեւ Լիբիայից եւ Թունիսից եկած գրոհայիններ: