Զինված ուժերը չեն օգտագործվի քաղաքական նպատակներով: Այս մասին այսօր` փետրվարի 29-ին, ԱԺ-ում հայտարարել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` ներկայացրելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը:

Ըստ օրինագծի, Զինված ուժերը պետք է ներգրավվեն կարեւորագույն օբյեկտների պաշտպանության, անօրինական զինված խմբավորումների չեզոքացման, կյանքի եւ ունեցվածքի անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լուծմանը:

Արտակարգ դրության չեզոքացման համար կարող են ներգրավվել միայն այն բանակային ստորաբաժանումները, որոնք նախապատրաստություն են անցել Հայաստանի ոստիկանությունում: Ֆիզիկական ուժ, զենք ու հատուկ միջոցներ նրանք կարող են օգտագործել միայն ոստիկանության ստորաբաժանումների համար նախատեսված կարգով:

Նախարարից առաջ ելույթ է ունեցել դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով հիշեցրել է, որ գործող Սահմանադրությամբ արդեն նախատեսվում են զինված ուժերի ներգրավման մեխանիզմներ` ռազմական դրության պայմաններում: Այդ դեպքում, ըստ նրա, այդքան էլ հասկանալի չէ դուբլիկատ օրինագծի ընդունումը:

Իր հերթին, նախարար Թովմասյանը նշել է, որ զորքերը կներգրավվեն միայն օրենքում թվարկված` սահմանադրական կարգը պաշտպանելու եւ իշխանությունը զավթելու փորձերի դեպքերում:

«Եթե պատկերավոր ասենք, դանակով կարելի է եւ հաց կտրել եւ մարդկանց սպանել: Մենք հայտարարում ենք, որ եթե մենք տալիս ենք այդ դանակը, ապա միայն հաց կտրելու համար: Հետեւաբար, օրինագիծը բացառում է ռազմական ուժի կիրառումը քաղաքական հարցեր լուծելու համար: Իմ անունն եմ գրավ դնում, որ այդ նպատակների համար, այս օրենքով բանակը չի օգտագործվի»,-հայտարարել է նախարարը: